Մատչելիության հղումներ

Ռուսաստանի հետ լարվածության ֆոնին Փաշինյանը խոսում է ԵԱՏՄ-ն չքաղաքականացնելու մասին. արձագանքներ


ԵԱՏՄ-ն տնտեսական միավորում է՝ առանց որևէ քաղաքական և հատկապես աշխարհաքաղաքական օրակարգի, մայիսի սկզբին Մոսկվայում սպասվող գագաթնաժողովին ընդառաջ հայտարարել է Հայաստանի վարչապետը: Ղազախական թերթերին տված հարցազրույցում Նիկոլ Փաշինյանը բառացի կրկնել է այն, ինչ դեկտեմբերի վերջին ասել էր Սանկտ Պետերբուրգում, երբ Երևանը ստանձնում էր ԵԱՏՄ նախագահությունը:

«ԵԱՏՄ-ն և նրա տնտեսական սկզբունքները չպետք է փոխկապակցվեն քաղաքական հավակնությունների հետ: Առևտրի և ինտեգրման հիմնական ազատությունները չեն կարող և չպետք է սահմանափակվեն քաղաքական նկրտումներով, ինչը կհանգեցնի միավորման հիմնարար սկզբունքների կորոզիայի», - ասել է նա:

Եվրոպական ձգտումներ ունեցող Հայաստանի կառավարության ղեկավարը վստահեցրել է, թե շարունակում են զարգացնել փոխգործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում՝ ձգտելով կանխել այն քաղաքականացնելու բոլոր փորձերը: Իսկ թե ովքեր են այդպիսի փորձեր անում, և ինչպես է դա ազդում միության անդամ երկրների համագործակցության վրա, Նիկոլ Փաշինյանը փակագծեր չի բացել:

Որոշ դեպքերում կախվածությունը կարող է դառնալ լծակ/գործիք. Թունյան

Ազգային ժողովի տնտեսական հանձնաժողովի փոխնախագահն է բացատրում, թե ինչ կարող էր նկատի ունենալ Փաշինյանը։ Ըստ «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավոր Բաբկեն Թունյանի՝ որքան ԵԱՏՄ-ում ամրանում են առևտրային կապերը, այնքան ավելանում է կախվածությունը կառույցից։

«Որոշ դեպքերում այդ կախվածությունը կարող է դառնալ լծակ կամ գործիք, որով կարող են որոշ երկրներ մյուսներին ինչ-որ բան փորձել թելադրել կամ ուղղորդել, այսինքն՝ կոնկրետ Հայաստանի դեպքում այդ ռիսկը կարող է արտահայտվել դեպի եվրասիական շուկա ապրանքների տեղաշարժի սահմանափակմամբ կամ նման այլ տարբերակներով», - ասաց նա։

Իշխանական պատգամավորը ենթադրում է, որ Նիկոլ Փաշինյանը հենց այս ռիսկի մասին է բարձրաձայնում, հատկապես, որ նախկինում նման նախադեպեր եղել են: Բաբկեն Թունյանը հիշեցնում է՝ հայ-ռուսական լարվածության ֆոնին մերթ ընդ մերթ Վերին Լարսի անցակետում հայկական ապրանքների հետ կապված խնդիրներ են առաջանում:

«Իհարկե, դա որպես տեխնիկական խնդիր է ներկայացվում, և որոշ դեպքերում չի էլ բացառվում, որ իրականում հենց տեխնիկական խնդիր կա, ու օբյեկտիվ է, բայց շատ դեպքերում էլ պարզվել է, որ խնդիրը ամենևին էլ կապված չի եղել ապրանքների որակական հատկանիշների հետ։ Սովորաբար, օրինակ, Լարսում խնդիրներ առաջանում են այդպիսի օրինաչափությամբ որոշակի հայտարարություններից կամ հարաբերությունների որոշակի սրացումից հետո։ Եթե ուզում են դա համարել զուգադիպություն, կարող ենք համարել, բայց իմ կարծիքով՝ ցանկացած տրամաբանող մարդ հասկանում է, որ այստեղ ամեն դեպքում ամեն ինչ այդքան էլ զուգադիպություն չէ», - շեշտեց նա։


Հայաստանը Ռուսաստանին կապող միակ ցամաքային ճանապարհը հայկական բեռնափոխադրողների համար վերջին ամիսներին այնքան էլ հարթ չէ: Գործարարները ժամանակ առ ժամանակ ահազանգում են խնդիրների մասին, իսկ Հայաստան- Եվրամիություն հարաբերությունների ամրապնդման և ՀԱՊԿ-ին անդամակցությունը փաստացի սառեցնելու հայտարարությունների ֆոնին անգամ ոչ պաշտոնական տեղեկություններ կային, թե Լարսը կարող է փակվել:

Տեսնում ենք, թե ստատուտի վավերացումն ինչպես է անդրադարձել ԵԱՏՄ-ի շրջանակներում ՀՀ-ում նիստ անցկացնելու վրա. Խամոյան

Խորհրդարանի եվրասիական ինտեգրման հանձնաժողովի անդամ Ագնեսա Խամոյանը տարակուսած է Նիկոլ Փաշինյանի՝ ԵԱՏՄ-ն չքաղաքականացնելու հայտարարությունից:

«Հնարավոր չէ զերծ պահել քաղաքականությունից որևէ կառույց։ Մենք ունենք իրավիճակ, երբ որ օրինակ՝ ՀԱՊԿ-ի նիստերին մենք չենք գնում և չենք մասնակցում չէ՞, ասում են՝ մենք սառեցնում ենք մեր անդամակցությունը ՀԱՊԿ-ին։ Մյուս կողմից՝ դեմքի լուրջ արտահայտությամբ գնալ, ԵԱՏՄ նիստերին մասնակցելը որոշակի անհասկացվածություն է ստեղծում նաև, անհասկացվածության մթնոլորտ է ստեղծում, դիսկոմֆորտ է առաջացնում այդ նույն անդամ երկրների ղեկավարների մակարդակում», - ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավորը։


Հայաստանն այս տարի ստանձնել է ԵԱՏՄ նախագահությունը, սակայն Երևանում նիստ նախատեսված չէ։ Սա, ըստ ընդդիմադիր պատգամավորի, արդեն կոնկրետ քաղաքական գործընթացներով է պայմանավորված: Ագնեսա Խամոյանը նկատի ունի Պուտինին ձերբակալելու օրդեր տված միջազային դատարանի կանոնադրության վավերացումը, որից հետո Մոսկվան հայտարարել էր, թե Ռուսաստանի նախագահի՝ Հայաստան հնարավոր այցի դեպքում Երևանից պետք է երաշխիքներ ստանան։

«Երբ որ ասում են՝ պետք չի ԵԱՏՄ-ն խառնել ՀԱՊԿ-ի հետ, ՀԱՊԿ-ը՝ ԵԱՏՄ-ի, կամ առանձին երկրների միջև եղած լարված հարաբերությունները չեն կարող ուղիղ անդրադարձն ունենալ ԵԱՏՄ-ում առկա աշխատանքների, օրինակ, կազմակերպման վրա և այլն, մենք տեսնում ենք մի պարզ օրինակ, որ Հռոմի ստատուտի վավերացումն ինչպես է անդրադարձել, մասնավորապես, ԵԱՏՄ-ի շրջանակներում Հայաստանում նիստ անցկացնելուն», - նշեց նա։

Եթե Ռուսաստանի և ՀԱՊԿ-ի հետ հարաբերություններն օրեցօր վատթարանում են, ինչպե՞ս է իշխանությունը պատկերացնում համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակում, որի հետ Հայաստանի առևտրաշրջանառությունը 2023 թվականին աճել է 42.7 տոկոսով՝ կազմելով ավելի քան 7 միլիարդ դոլար, Բաբկեն Թունյանն ասում է. - «Հույս ունենք, որ այդ ամեն ինչը, այդ տնտեսական հարաբերությունները չեն քաղաքականացվի»։

Հարցին, թե կարծո՞ւմ է՝ հնարավոր կլինի խուսափել դրանից, պատգամավորը պատասխանեց. - «Ես ոչինչ չեմ կարծում, չեմ բացառում, այսինքն՝ ամեն ինչ հնարավոր է քաղաքականության մեջ։ Հայաստանի Հանրապետությունը միշտ էլ պիտի պատրաստ լինի ամենատարբեր տնտեսական ռիսկերին»։

ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովին մեկ ամսից էլ քիչ ժամանակ է մնացել, Նիկոլ Փաշինյանը երեք օր առաջ ասել էր, թե այդ նիստին իր մասնակցության հարցը դեռ քննարկվում է, որոշում չկա:

XS
SM
MD
LG