Մատչելիության հղումներ

ԵԱՏՄ-ի մայիսի 8-ի նիստին մասնակցության հարցը քննարկվում է․ Փաշինյան


ԵԱՏՄ-ի մայիսի 8-ի նիստին մասնակցության հարցը քննարկվում է, խորհրդարանում, լրագրողների հետ զրույցում, հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով՝ դեռ որոշում չկա։

«Երբ որոշում լինի, այդ մասին լրացուցիչ կհայտարարենք», - ասաց կառավարության ղեկավարը:

ԵԱՏՄ-ն այս տարի նշում է իր 10-ամյակը, մայիսի 8-ին Մոսկվայում տեղի կունենա ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովը։

Դեռ հունվարին Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինն ասել էր, որ Մոսկվան ակնկալում է, որ Փաշինյանը կմասնակցի հոբելյանական գագաթնաժողովին։

Հիշեցնելով, որ այս տարի Հայաստանն է նախագահում Եվրասիական տնտեսական խորհուրդը՝ դեսպանն ասել էր, որ դա ենթադրում է նաև պատվիրակությունների փոխայցելություններ։

Հայաստանը հունվարի 1-ից՝ մեկ տարով ստանձնեց Եվրասիական տնտեսական միության նախագահությունը։

Փաշինյանն ու հայաստանցի պաշտոնյաները տևական ժամանակ է՝ հրաժարվում էին մասնակցել Մոսկվայի առաջնորդած կառույցների նիստերին՝ ռազմավարական դաշնակցից և ՀԱՊԿ-ից ունեցած դժգոհությունների պատճառով։ Սակայն ավելի քան յոթ ամսվա բոյկոտից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2023-ի դեկտեմբերի 25-ին ի վերջո մեկնեց Սանկտ Պետերբուրգ՝ մասնակցելու Եվրասիական տնտեսական խորհրդի նիստին։ Այդ օրը ամփոփվեցին ԵԱՏՄ-ում Ռուսաստանի նախագահության արդյունքները և լիազորությունները փոխանցվեցին Հայաստանին։

ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունների սրման փուլում անգամ Ազգային ժողովի խոսնակ Ալեն Սիմոնյանը կարևորել էր ԱՊՀ-ի ու ԵԱՏՄ-ի հետ համագործակցությունը՝ նշելով՝ ԱՊՀ-ն համագործակցության մի հարթակ է, որը Հայաստանին օգուտ է տալիս, իսկ «ԵԱՏՄ-ի հետ կապված, մենք նույն տնտեսական գոտում ենք, և մեր տնտեսությունը բավականին փոխկապված է այդ երկրների տնտեսության հետ»։

Ապրիլի 12-ին Մինսկում նախատեսված է ԱՊՀ երկրների խորհրդի նիստը։ Պաշտոնական Երևանն արդեն հայտարարել է, որ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը չի մասնակցի այդ նիստին, թե ինչո՞ւ, Միրզոյանը չի պարզաբանել։ Ռուսական ՏԱՍՍ-ը նշել է, որ Հայաստանը կներկայանա փոխնախարարի մակարդակով։ Օրեր առաջ էլ ԱՊՀ անդամ պետությունների զինված ուժերի շտաբի պետերի նիստ է եղել Մոսկվայում։ Հայաստանից մասնակցել են ցածր մակարդակով՝ Պաշտպանության նախարարության խաղաղապահ ուժերի բրիգադի հրամանատարի։ Մինչդեռ Ադրբեջանից ու Ռուսաստանից գլխավոր շտաբի պետն է մասնակցել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG