34-ամյա Մարիամ Դավթյանի բազմանդամ ընտանիքն Արցախի Մարտունուց է տեղահանվել։ Մեկ ամիս Չարենցավանում ապրելուց հետո Գյումրիում են հաստատվել։ Սկզբից մտադիր էին Մարիամի ծնողների մոտ՝ Ռուսաստան գնալ, բայց մտափոխվեցին։
«Այստեղ մի փոքր մնալուց հետո մտափոխվել ենք. եթե այստեղ հիմնական աշխատանք ունենանք, և տան հետ կապված խնդիրները լուծվեն, չէինք ցանկանա ոչ մի ուրիշ քաղաք տեղափոխվել», - «Ազատության»-ն ասաց Մարիամ Դավթյանը։
Ընտանիքը վարձով է ապրում։ Պետության տրամադրած աջակցությունից օգտվում են, գիտեն, որ այն մինչև տարեվերջ երկարաձգվել է, դրանից հետո փորձելու են իրենց գլխի ճարը տեսնել։
Բնակարանի աջակցության ծրագրի մասին ևս լսել են։ Սահմանամերձ գյուղ գնալ չեն ցանկանում։ Մարիամն ասում է՝ եթե հնարավոր լինի, հենց Գյումրիում կմնան։
Մարիամի ամուսինը շինարար է։ Վնասվածք ունի դեռ ծանր աշխատանք չի կարողանում անել։ Դիմել է մի քանի տեղ աշխատանքի համար ու սպասում է պատասխանի։ Սկեսուրը թոշակառու է, 4 երեխաներից երկուսը դպրոցական են, երկուսն էլ մանկապարտեզ են գնում։ Մարիամն էլ որոշել է ձեռքերը ծալած չնստել ու բազմանդամ ընտանիքի հոգսը թեթևացնելու համար արցախյան փախլավա թխել ու վաճառել։
Արցախից տեղահանված չորս կանանցով մտածում են հրուշակեղենի փոքր արտադրամաս հիմնել։ Հաշվարկն արել են, մնում է գումարը հավաքեն. - «Դեռ չորսն ենք, բայց սկզբի համար կարծում եմ դեռ, հետո կավելանանք, կփորձենք մեր արցախյան ժենգյալով հաց պատրաստել, արցախյան խմորեղենները և կից այլ հրուշակեղեն։ Սառնարան, դարակներ, ջեռոցներ, հարիչներ և նման այլ գույք ձեռք բերելու համար մոտավորապես 2.5 միլիոն դրամ է հարկավոր»։
Փոքր բիզնես հիմնելով, ասում է, փոքր քայլերով առաջ կգնանք։ Արցախ վերադառնալու մասին ասում է. - «Անհնար եմ համարում, բայց շատ կուզեինք, դա մեզ համար երազանք է՝ վերադառնալ, ետ դառնալ միայն հայկական Արցախ, ուրիշ ոչ մի տարբերակ»։
Մանրամասները՝ «Ազատության» ռեպորտաժում.