Մատչելիության հղումներ

Գնացք դեպի ապագա. ինչպիսին կլինի «Ակադեմիական քաղաք»-ը


Պաշտոնյաները դիտարկում են դեպի Ակադեմիական քաղաքի հատված տանող երկաթուղային ենթակառուցվածքները, 12-ը ապրիլի, 2024թ.
Պաշտոնյաները դիտարկում են դեպի Ակադեմիական քաղաքի հատված տանող երկաթուղային ենթակառուցվածքները, 12-ը ապրիլի, 2024թ.

Ինչպես «Հետ դեպի ապագա» (Back to the future) արկածային ֆիլմում, հայկական գնացքներն այսօր ապագա էին տանում:

«Գնում ենք Ակադեմիական քաղաք», - առավոտյան ազդարարեց կառավարությունը:

Վարչապետը, քաղաքապետը, նախարարներն ու այլ պաշտոնյաներ րոպեներ անց Երևանի 17-րդ թաղամասին հարող հատվածում էին՝ հենց այնտեղ է կառուցվելու խոստացված մեգանախագիծը:

Ավելի քան 600 հեկտար տարածքն այժմ ամայի է: Վերադառնալուց հետո կրթության նախարար Ժաննա Անդրեասյանը ներկայացրեց, թե ինչ են ակնկալում այստեղ տեսնել տարիներ անց:

«Այն, ինչի մասին խոսում ենք, դրա ճանապարհները արդեն կան, մեզ մնում է աշխատել, աշխատել, բայց այդ աշխատանքի արդյունքը արդեն իսկ պարզ է, որ պետք է լինի մեր բոլորիս պատկերացրած բարձրորակ գիտությունն ու կրթությունը», - ասաց նա:

Մինչև 16 բուհ, տասնյակ հազարավոր ուսանողներ, տարբեր ուղղություններ՝ արվեստներից տեխնոլոգիաներ, թատրոն, կինոթատրոն, համերգասրահ, ֆուտբոլի նոր ստադիոն, կանաչ տարածքներ, ջրավազաններ, գրադարաններ և ոչ միայն, սա է նախատեսվում:

Առաջին փուլով նախատեսում են գործարկել կլաստերներից չորսը՝ կրթական, արվեստների, տեխնոլոգիական ու սպայական ուղղություններով։ Այս կլաստերներում նախնական հաշվարկով կապրի ու կաշխատի ավելի քան 40 հազար մարդ։ Հավակնոտ ծրագրի գլխավոր հատակագիծը մշակող գերմանական International GmbH Architects and Engineers ընկերության ներկայացուցիչ Թոբիաս Քեյլը հիմնական մոտեցումները ներկայացրեց. - «Ըստ պահանջների ենք նայել, փազլի նման է լինելու, որոնք շատ գրավիչ թաղամասեր կստեղծեն»:

«Ակադեմիական քաղաք»-ի մակետը
«Ակադեմիական քաղաք»-ի մակետը

Ցուցադրված պատկերներն ամբողջությամբ իրականություն դարձնելու համար, սակայն, շատ երկար ժամանակ կպահանջվի, գերմանացի մասնագետի գնահատմամբ՝ տասնամյակներ:

«Սա հեռավոր ապագայի տեսլականն է, երևի 30-ից 50 տարի, առաջին քայլերը շուտ կտեսնեք։ 5-ից 7 տարի էլ կպահանջվի առաջին բուհերի տեղափոխությունը իրականացնելու համար», - ասաց Թոբիաս Քեյլը:

Կառավարությունը, մինչդեռ, նախատեսում է կառուցապատման առաջին փուլն ավարտել 2030 թվականին։ Ճանապարհային քարտեզ էլ են ներկայացրել՝ հաջորդ տարվա աշնանը նախագծման աշխատանքները կավարտեն ու շինարարություն կսկսեն։

Թերահավատները քիչ չեն՝ հիշեցնում են՝ 2009-ին սկսված «Հյուսիս-հարավ»-ի շինարարությունը դեռ 5 տարի առաջ պետք է ավարտված լիներ, բայց 15 տարի անց աշխատանքների հնարավոր ավարտը նույնիսկ չի էլ նշմարվում։

Որոշ բուհեր, օրինակ, կոնսերվատորիան, Գիտությունների ազգային ակադեմիան հրապարակավ դեմ են արտահայտվում միավորմանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG