Մատչելիության հղումներ

Կառուցապատող ընկերության տնօրենը պնդում է՝ Գագիկ Բեգլարյանը սպառնալիքներ է հնչեցրել իր հասցեին. հարուցվել է քրգործ


«Գագիկ Բեգլարյանը հայհոյել ու սպառնալիքներ է հնչեցրել իմ և գործընկերոջս հասցեին՝ հայտարարելով, թե իր առանձնատան կողքին կառուցվող մեր շենքերի 4-րդ հարկից երևում է իր տան բակը», - ոստիկանությունում այսպիսի հաղորդում է ներկայացրել Մոնումենտում ցածրահարկ բնակելի շենքեր կառուցողը ընկերության տնօրենը։

Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել, բողոք ներկայացրած տնօրենը տուժող է ճանաչվել, Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը հարցաքննվել է, թե՝ ոչ, ՔԿ-ից չեն հստակեցնում։

«Նախաձեռնվել է քրեական վարույթ Քրեական օրենսգրքի 194-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, այսինքն՝ հոգեկան ներգործությունը: Իրականացվում է նախաքննություն դեպքի հանգամանքները պարզելու, հաղորդման մեջ նշվող տվյալները ստուգելու, համապատասխան անձանց գործողություններին իրավական գնահատական տալու նպատակով», - ասաց Կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը:

Նախկին ազդեցիկ քաղաքապետի բարձր պարիսպներով առանձնատունն ու «Կապիտալ պլյուս» ՍՊԸ-ի շենքերը մի նեղ ճանապարհով են բաժանվում: Երկուսն էլ գտնվում են Ազատություն պողոտայի 1/43 հասցեում:

Այս տարածքում կառուցապատման թույլտվություն ստացած ընկերության տնօրենը հրաժարվեց հարցազրույցից, իսկ ընկերությունից «Ազատությանը» այս տեքստը փոխանցեցին. - «Բեգլարյան Գագիկը երկու տղամարդու հետ ինձ հրավիրեցին իրենց տան բակ, ցույց տվեց մեր շենքերն ու ասաց՝ ձեր վերջին հարկը նայում է իմ բակին, բայց իր տարածքն այնքան մեծ է, որ հարակից բոլոր կառույցները նայում են իր բակ: Հետո սկսեց հայհոյանքներ, վիրավորանքներ, սպառնալիքներ՝ կվերացնեմ և այն: Բանը կարող էր ծեծկռտուքի հասնել, բայց չհասավ: Ես Հայաստանից դուրս գտնվող գործընկեր ունեմ, ասաց՝ նրան այնտեղ կգտնեմ, քեզ՝ այստեղ: Դիմեցի իրավապահներին, ոչ թե որ վախենում եմ, այլ սկզբունքի հարց է: Պետությունը պետք է մեխանիզմներ ունենա իրենց կարգի հրավիրելու, մենք մեզ ոչ պատշաճ վարք թույլ չենք տվել որևէ մեկի հանդեպ, հետևաբար նման ոտնձգություն չենք հանդուրժի»:

Փաստաբան. «Բեգլարյանը հերքում է այդ ամենը»

Հեղափոխությունից հետո Երևանի նախկին քաղաքապետն անցնում է կոռուպցիոն ու յուրացման քրեական տարբեր գործերով, մեղքը չի ընդունում ու գրավի դիմաց ազատության մեջ է։ Նրա փաստաբան Հրանտ Անանյանը չհերքեց, որ Բեգլարյանի ու ՍՊԸ-ի տնօրենի միջև զրույց է եղել այս թեմայով, բայց պնդեց՝ առանց սպառնալիքի ու հայոհանքի: Բեգլարյանը կասկածներ ունի, թե այդ ընկերության տնօրենն ուղղակի իր խիստ հայացքից է վախեցել ու իրավապահներին դիմել:

«Պարոն Բեգլարյանը հերքում է այդ ամենը, ընդամենը ասում է, որ երևի հայացքից է վախեցել ու երևանում վախեցած տղամարդկանց ձեռքը կրակն է ընկել», - նշեց փաստաբանը:

Փաստաբանը նաև տարակուսած է, թե ինչո՞ւ է Քննչական կոմիտեն առհասարակ այդ հոդվածով քրեական գործ հարուցել, այն է՝ հոգեկան ներգործությունը՝ սպանության, առողջությանը վնաս պատճառելու, խոշտանգման, առևանգելու կամ խոշոր չափի գույք ոչնչացնելու սպառնալիքով։ Հրանտ Անանյանի խոսքով, եթե անգամ հնչել է սպառնալիք, ապա դա բավարար չէ բողոքին իրավական ընթացք տալու համար: Ասում է՝ իրավապահները պետք է հաշվի առնեին, թե իրական ինչ հնարավորություն է եղել դրանք իրագործելու համար:

Քրգործ հարուցելու պատճառն, ըստ փաստաբանի, հասարակական հնչեղության հետևանք է կան գուցե հենց շինարարական ընկերության տնօրենն է փորձում այսպիսով ճնշում գործադրել Բեգլարյանի վրա, որ նա չբողոքարկի այդ շինարարության օրինականությունը։

2020-ին էլ մեկ այլ ազդեցիկ ՀՀԿ-ական նախկին պաշտոնյա՝ «Դերժավայի Արկադ» մականունով հայտնի Արկադի Համբարձումյանն էր դժգոհել, թե իր առանձնատան հարևանությամբ բարձրահարկ բնակելի համալիր է կառուցվում: Նրա փաստաբանն ասել էր՝ Համբարձումյանը դեմ չէ կառուցապատմանը, պարզապես պահանջում է, որ շենքի հարկերի հարցը իր հետ քննարկեին, իսկ դեպի իր առանձնատուն նայող հատվածում շենքը պատուհաններ չունենար։ Շենքերն արդեն կառուցված են, իսկ Համբարձումյանը տարբեր հայցերով դատարան է դիմել, քննությունը դեռ չի ավարտվել, կառուցապատող «Լույսեր» ընկերությունից ասում են՝ դեռ ոչ մի ատյանում իրենք չեն պարտվել։

Իսկ Գագիկ Բեգլարյանի ու նրա առանձնատան հարևանությամբ շենքեր կառուցող ընկերության տնօրենի գործը կհասնի դատարան, թե՝ ոչ, պարզ չէ:

XS
SM
MD
LG