Մատչելիության հղումներ

Կալանքը՝ խափանման միջո՞ց, թե՞ պատիժ. պաշտպանը մտահոգված է


Քրեակատարողական հիմնարկ Հայաստանում, արխիվ
Քրեակատարողական հիմնարկ Հայաստանում, արխիվ

Հայաստանի բանտերում պահվողների կեսից ավելին կալանավորվածներն են, որոնք սպասում են իրենց դատավճիռներին, տարեկան իր զեկույցում մտահոգություն է հայտնել մարդու իրավունքների պաշտպանը։ Անահիտ Մանասյանի գրասենյակի դիտարկումները ցույց են տալիս, որ 2023 թվականին 2021-ի համեմատ ամենածանր խափանման միջոցի՝ կալանքի որոշումների թիվն աճել է, ինչը, պաշտպանի գնահատմամբ, մտահոգիչ է հատկապես այլնտրանքային միջոցների պարագայում։

Իրավապաշտպանները մի քանի պատճառ են թվարկում։

«Խայտառակություն է դա, ընդհանրապես գնահատման ենթակա բան չի: Այսինքն՝ էստեղից միայն կարելի է հետևություն անել, որ չի աշխատում մեր մոտ քրեադատավարական համակարգը. դատարանները, գտնվելով քաղաքական ազդեցության տակ... մենք էն ժամանակ որ խոսում էինք, շատերը մեզ չէին միանում, բայց սա շատ կարևոր է», - «Ազատության» հետ զրույցում ասաց Ռուբեն Մելիքյանը:

Մելիքյանը հիշեցնում է 2022-ի օրենսդրական փոփոխությունը, որով միջազգային գործընկերների օգնությամբ ընտրվեցին կալանքի այլընտրանքային միջոցներ։ Տնային կալանքը, ոտքին ամրացվող սարքը, գրավը, չբացակայելու արգելքը համակցված կիրառելու դեպքում, կարծում է, ավելի արդյունավետ են, քան՝ բուն ազատազրկումը։

«Այս ռեֆորմը իրականացնելու արդյունքում շուրջ 80 տոկոս, մինչև 80 տոկոս կալանքները առանց որևէ խնդրի կարող են փոխարինվել այլ, այլընտրանքային խափանման միջոցներով, առաջին հերթին՝ տնային կալանքով: Բայց մենք տեսնում ենք, որ հիմա բավարարումները 75 տոկոսի կարգի են, այլ ոչ թե 20 տոկոսի կարգի են», - ընդգծեց Մելիքյանը:

Իրավապաշտպանի գնահատմամբ՝ կալանավորվածների թվի ավելացման պատճառներից մեկն էլ այն է, որ Արևմուտքը նախկինի նման ճնշում չի գործադրում Հայաստան վրա, իսկ նախկինում ակտիվ իրավապաշտպանները լուռ են. - «Գնալով ավելի վատացող վիճակ քաղաքական հետապնդումների մասով, և դրա պատճառներից մեկն էլ այն է, որ արևմտյան պետությունները, որոնք ժամանակին քննադատում էին, գիտե՞ք, դա քաղաքական բովանդակություն ուներ, որ քննադատում էին, և քաղաքական բովանդակություն ունի, որ հիմա չեն քննադատում, բայց քաղաքական բովանդակության հետ մեկտեղ՝ դա անմիջականորեն ազդում էր էն ժամանակ հասարակ քաղաքացիների վրա և հիմա հասարակ քաղաքացիների վրա, որովհետև քաղաքական գործերը փոքր ծավալ են կազմում: Բայց էս թվերը քաղաքական գործերի մասին չի միայն, որ խոսում են, քաղաքական գործերը կարող է կազմեն 1 տոկոս, լավ»:

Մելիքյանի գնահատմամբ՝ մյուս պատճառը մեղադրյալին առանց մեղադրական վճռի պատժելու ցանկությունն է:

«Պատժիչ նշանակություն է ունենում, երկրորդ հերթին՝ կարող է ունենալ մարդկանց՝ այլ մարդկանց վախեցնելու նշանակություն, տարբեր է, շատ տարբեր է: Բայց այն, որ էն զսպաշապիկը, երբ որ, որը որ մեր երկրում կար մի քանի տարի առաջ, որը, նորից ասեմ, ձևավորվել էր արևմտյան երկրների ակտիվ գործունեության արդյունքում, իսկապես հասարակական ակտիվություն դրսևորող կազմակերպությունների գործունեության արդյունքում, հիմա դա չկա», - ընդգծեց իրավապաշտպանը:

Մելիքյանն ու գործընկերները օրինակ են բերում Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանին, որ կալանքի տակ է տասը ամիս, Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանին, որ կալանքի տակ է ավելի քան երկու տարի, վերջերս էլ յութուբյան հաղորդման ընթացքում իշխանությունների հասցեին անպարկեշտ արտահայտությունների մեղադրանքով կալանավորված Նարեկ Սամսոնյանին ու Վազգեն Սաղաթելյանին։

«Արմեն Աշոտյանն է կալանքի տակ, Վազգեն Սաղաթելյանը, Նարեկ Սամսոնյանը, Նարեկ Մալյանը, Մամիկոն Ասլանյանը՝ հինգ քաղբանտարկյալները, որոնցից յուրաքանչյուրի գործը առանձնահատուկ է, բայց յուրաքանչյուրի գործը աղաղակող խախտումների մասին է խոսում», - ասաց իրավապաշտպանը:

Մելիքյանը, որ Նարեկ Սամսոնյանի պաշտպանն է, շեշտում է՝ դատարանը հրաժարվեց նրան ազատ արձակել՝ պատճառաբանելով, թե ազատության մեջ կազդի վկաների վրա, իսկ թե ովքեր են ուղիղ եթերում իրենց արած արտահայտությունների համար հարուցված գործով վկաները, պարզ չէ։

Մինչ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը անհանգստացած է կալանքների թվի աճով, դատական իշխանությունը հակառակ թվերն է հրապարակել ու պնդել՝ դատարանների կողմից կալանքների կիրառումը նվազել է։ Դատական դեպարտամենտից փոխանցեցին՝ ավելի ուշ կարձագանքեն թվերի այս տարբերությանը։

Անահիտ Մանասյանն իր զեկույցում հաջողված օրինակներ է բերում, բայց՝ այլ երկրներից։ Հարևան Վրաստանում, օրինակ, բանտերում պահվողների միայն 18 տոկոսն են կալանավորված անձինք, իսկ եվրոպական երկրներում՝ Ֆրանսիայում՝ 31 տոկոսը, Գերմանիայում՝ 21 տոկոսը, Մեծ Բրիտանիայում՝ 18 տոկոսը։

XS
SM
MD
LG