Մատչելիության հղումներ

Դատարանը որոշել է Ալբերտ Բազեյանին ազատ արձակել կալանքից՝ նշանակելով երկամսյա տնային կալանք


Դատարանը վարչապետի դեմ մահափորձ ծրագրելու, նաև իշխանության զավթումը կազմակերպելու համար մեղադրվող Ալբերտ Բազեյանին ազատ կարձակի բանտից: Նա երկու ամիս կանցկացնի տնային կալանքի տակ։ Բազեյանը, որը մեղքը չի ընդունում, բողոքարկելու է այս որոշումը։

«Մենք տնային կալանքի հետ կապված որոշում օբյեկտիվ չենք համարում: Այո, ամսի 23-ին լրանում է կալանքի ժամկետն, ու ըստ էության այդ օրը ազատ կարձակվի պարոն Բազեյանը», - ասաց փաստաբան Գեորգի Մելիքյանը:

Կես տարի կալանավայրում անցկացրած Բազեյանն, ըստ իրավապահների, իր կամքից անկախ ավարտին չէր հասցրել իրեն վերագրվող ծանր հանցանքը։ Անցած սեպտեմբերին Ազգային անվտանգության ծառայությունը հաղորդեց, որ Բազեյանն ու «Խաչակիրներ» ռազմահայրենասիրական կազմակերպության ձերբակալված 7 անդամները ձեռք են բերել զենքեր, հեռահաղորդակցության սարքեր, հեռախոսային ու այլ կապը խլացնող սարքեր, ստեղծել պայմաններ իշխանությունը յուրացնելու համար։

Փաստաբան Գեորգի Մելիքյանը հայտնեց, որ 67-ամյա պաշտպանյալը առերեսվել է այս գործով մեղադրյալներից մեկի հետ, ով Բազեյանի և մյուսների դեմ ցուցմունքներ էր տվել։ Պատմել էր, թե ինչ-որ մեկից է լսել Բազեյանի անունը որպես կազմակերպիչ, բայց այդ մարդը հերքել է դա։ Քննչական կոմիտեից չեն մեկնաբանում այս տեղեկությունները։

Վերջին շրջանում Բազեյանը հաճախ էր մասնակցում իշխանափոխություն պահանջող «Ազգային ժողովրդավարական բևեռի» հանրահավաքներին։

Բազեյանի փաստաբանն ասում է՝ այս գործում քաղաքական ենթատեքստ են տեսնում։ Մելիքյանի պնդմամբ՝ ամիսներ առաջ Բազեյանի բնակարանը խուզարկել ու որևէ կասկածելի բան չէին գտել։

Սեպտեմբերին Բազեյանի և «Խաչակիրների» գործից հետո իրավապահները իշխանության ներկայացուցիչների դեմ մահափորձի ևս երկու գործի մասին են հաղորդել։

Անցած շաբաթ իշխող խմբակցության երկու պատգամավորների դեմ ահաբեկչություն կազմակերպելու մեղադրանքով չորս հոգի կալանավորվեց, այդ թվում՝ դաշնակցական Գագիկ Սարգսյանը։

Ահաբեկչություն կազմակերպելու մեկ այլ դեպքի՝ «Հյուսիսային տերևաթափ» անվանումով գործողության մասին էլ իրավապահները հաղորդեցին նոյեմբերին։ Այդ դեպքում էլ, ըստ Քննչականի, կալանավորված հինգ և քննությամբ չպարզված այլ անձինք ցանկացել էին կազմալուծել իշխանության գործունեությունը՝ նախապատրաստելով պայթյուն և հանրության համար վտանգավոր արարք։ Ծրագրվել էր նաև սպանել քաղաքացիական անձի, ում անունը, սակայն, չբացահայտեցին։

Իրավապահները չեն մանրամասնում, թե ինչ փուլում է այս քննությունը: «Ազատությանը» հայտնի է միայն, որ վերջերս ազատ են արձակվել կալանավորվածներից ոմանք։ Գործը քննող Քննչական կոմիտեն, սակայն, դեռ տեղեկատվություն չի տալիս։ Իսկ Գլխավոր դատախազությունից փոխանցում են, որ հանրությանը դեռևս ասելիք չունեն։

XS
SM
MD
LG