Մատչելիության հղումներ

Հայաստանի ամենաերկար կամուրջն աղմկում է. ինչո՞ւ անհրաժեշտ հիմնանորոգումը մինչ օրս չի իրականացվել


Հայաստանի ամենաերկար կամուրջը ցնցվում է, այստեղ հիմնանորոգման կարիք կա, փողն էլ կա, բայց գործ անող չկա:

Եթե կանգնեք Կոտայքի Աբովյան - Նոր Հաճն քաղաքներն իրար կապող 640 մետրանոց կամուրջի վրա ու այդ պահին որևէ ծանր մեքենա անցնի, ցնցումներ կզգաք, ձայներ կլսեք: Մասնագետները վստահեցնում են՝ տատանումները նորմայի մեջ են, լուրջ վտանգներ չկան, բայց միաժամանակ շեշտում են՝ մաշվածության պատճառով դրանք կարող են առավել ուժգին զգացվել, աղմուկն էլ միացումների՝ դեֆորմացիոն կարերի թուլացման հետևանքն է։

Պատասխանատու պետական մարմինը՝ Տարածքային կառավարման նախարարությունը հաստատում է՝ Հրազդան գետից 121 մետր բարձր կամուրջը պետք է կապիտալ նորոգվի: Վերջին տարիներին, սակայն, շինարարներն այստեղ բավարարվում են միայն փոսեր լցնելով. մի քանի օր առաջ ավելի քան 40 տարի առաջ կառուցված կամուրջը իսկական ռազմաճակատ էր հիշեցնում:

Խորհրդային միության տարիներին այս կամուրջը կառուցած ընկերությունից մեկնաբանություն տալ չցանկացան։ Պատասխանատուները կամուրջի վիճակը երթևեկության համար բավարար են գնահատում ու ներկայացնում՝ ինչ է պետք անել: «Նախատեսվում է թռիչքային կառուցվածքների և մայթերի վրա իրականացնել ջրամեկուսացում‚ նորոգել երթևեկելի մասը‚ ջրահեռացման համակարգը‚ դեֆորմացիոն կարերը», - հայտնում են նախարարությունից:

Ինչո՞ւ անհրաժեշտ հիմնանորոգումը մինչ օրս չի իրականացվել. պատճառն ամենևին էլ գումարը չէ։ Հայաստանի կամուրջների նորոգման համար կառավարությունն այս տարի նախատեսել է 2.5 միլիարդ դրամ ծախսել, որի մեծ մասը՝ 1.7 միլիարդը առայժմ բաշխված չէ։ Անցած աշնանը տարածքայինը կամուրջը հիմնանորոգելու համար երկու անգամ մրցույթ է հայտարարել, որոնցից և ոչ մեկը չի կայացել, քանի որ դիմողներ չեն եղել։ Շուտով մի անգամ էլ կփորձեն։

Ռազմավարական այս կառույցը վերջին անգամ 2000-ականներին է հիմնանորոգվել, մինչդեռ, կամուրջի երթևեկելի մասը կարող է ծառայել մոտ 10-ից 15 տարի, ասում է նախորդ նորոգման նախագծի հեղինակ, Ճարտարապետության համալսարանի կամուրջների ամբիոնի դոցենտ Արտաշես Սարգսյանը. - «Ամեն կամրջի տարրի համար տրված է միջին ժամկետը, թե երբ պետք է վերանորոգվի»:

Թե ինչո՞ւ կամուրջի նորոգման մրցույթին ոչ մի ընկերություն չի դիմում, դոցենտը դժվարանում է ասել, բայց շեշտում է՝ մասնագետների պակաս կա:

Ի դեպ, մայրաքաղաքի գլխավոր տրանսպորտային հանգույցներից մեկը՝ Կիևյան կամուրջը նույնպես վերանորոգման կարիք ունի։ Աշխատանքներն արդեն սկսել են, բայց ծրագրված ժամկետում, գուցե, չտեղավորվեն, քաղաքային իշխանությունն ասում է՝ գործը շատ է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG