Մատչելիության հղումներ

Վերջին օրերին հնչող կրակոցները, ըստ Քոչարյանի, «հիստերիկ դրսևորումներ» են


Երևանն ամեն ինչ կանի, որպեսզի կրակոցներն ունենան գնահատվելու հնարավորություն նույնիսկ եվրադիտորդների մակարդակով և հասնի նրան, որ կրակոցներ այլևս չլինեն, այսօր լրագրողների հետ ճեպազրույցում, «Ազատության» հարցին ի պատասպան, հայտարարեց Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն՝ անդրադառնալով վերջին օրերին սահմանին, ինչպես նաև հայկական բնակավայրերի ուղղությամբ պարբերաբար հնչող կրակոցներին:

Ընդգծելով, որ հիմա կրակոցներն անկանոն, անիմաստ և աննպատակ են՝ Քոչարյանը դրանք «հիստերիկ դրսևորումներ» որակեց։

«Գուցե մյուս կողմում կանգնածները էդ օրը որոշել են անկանոն կրակներ ուղարկել մեր բնակավայրերի ուղղությամբ։ Էդպես շատ է եղել, ոչ մի բանի հետ կապ չունի», - ասաց հանձնաժողովի նախագահը՝ կրակոցները չկապելով Բաքվին այդքան մտահոգած ապրիլիհինգյան Փաշինյան-Ֆոն դեր Լայեն-Բլինքեն եռակողմ հանդիպման հետ։

«Ազատության» հարցին, թե արդյո՞ք տեսնում է, որ Բաքուն տանում է էսկալացիայի, Քոչարյանը պատասխանեց. «Ո՛չ, դեռ չեմ տեսնում։ Այ, երբ որ կտեսնենք, էս հարցերը էլ չեն առաջանա, մենք կանցնենք լիարժեք պաշտպանության մեր բնակավայրերի»։

Հայ-ադրբեջանական սահմանին կրակոցների մասին հաղորդումները վերջին օրերին ակտիվացել են։ Հայաստանի պաշտպանության նախարարությունը սադրիչ է որակել Ադրբեջանի գործողությունները։ Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը հայտնել է, որ պարեկություն է իրականացրել Սոթքի, Վերին Շորժայի, Արավուսի և Մովսեսի տարածքներում, իրավիճակը եղել է կայուն և հանգիստ: Պաշտոնական Երևանը կոչ է արել Բաքվին դադարեցնել իրադրությունը սրելու գործողությունները՝ ընդգծելով՝ Հայաստանը տարածաշրջանում իրադրության սրմամբ հետաքրքրված չէ։ Ադրբեջանի արտաքին գերատեսչությունն իր հերթին հայտարարել է, թե Բաքվի դեմ սպառնալիքները անմիջապես և խստորեն կճնշվեն։

XS
SM
MD
LG