Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը Ադրբեջանին կոչ է անում դադարեցնել իրադրության սրմանը հասնելու գործողությունները` ընդգծելով՝ Հայաստանը տարածաշրջանում իրադրության սրմամբ հետաքրքրված չէ:
Պաշտոնական Երևանն ընդգծում է՝ ապրիլի 5-ի լույս 6-ի գիշերն Ադրբեջանի զինված ուժերի սադրիչ գործողություններն արդարացում չունեն:
«Սահմանի բազմաթիվ հատվածներում անկանոն կրակահերթեր բացելով՝ մի քանի տասնյակ զինվորական ավտոմեքենաների շարժերով Ադրբեջանն ակնհայտորեն հետապնդել է սադրիչ նպատակ. Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ստորաբաժանումներին դրդել համանման հակադարձ գործողությունների, վերջին շրջանի ադրբեջանական ապատեղեկատվությունը «հիմնավորող» փաստեր ստանալու համար», - ասված է հաղորդագրությունում:
ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչությունը չարդարացված է համարում նաև Հայաստանի ինքնիշխան տարածքում պաշտպանական կառույցների ստեղծման վերաբերյալ Ադրբեջանի գնահատականները՝ հավելելով՝ բանակի և բանակային ենթակառուցվածքների բարեփոխումները ցանկացած երկրի ինքնիշխան իրավունքն է:
Երևանը հիշեցնում է, որ Հայաստան-Ադրբեջան պետական սահմանից զորքերի հայելային հետքաշման, սպառազինությունների վերահսկման փոխադարձ մեխանիզմների ներդրման, չհարձակման պայմանագիր կնքելու, պետական սահմանին հարակից տարածքներն ապառազմականացնելու Հայաստանի Հանրապետության առաջարկները Բաքվի կողմից շարունակում են մնալ անարձագանք:
«Անհասկանալի են նաև Հայաստանին ուղղված մեղադրանքները պաշտպանական նպատակներով սպառազինությունների ձեռքբերման առիթով, որովհետև Ադրբեջանը Հայաստանի Հանրապետությունից անգամներով ավել սպառազինություն է ձեռքբերում, ինչի մասին Հայաստանը համապարփակ տեղեկատվություն է ստանում», - ասված է հաղորդագրություն:
ԱԳՆ-ը պաշտոնապես վերահաստատում է Հայաստանի նվիրումը խաղաղության օրակարգին, ինչպես նաև դրանից բխող սպառազինությունների փոխադարձ վերահսկման մեխանիզմների ստեղծման և երկու երկրների միջև սահմանի հարակից տարածքներն ապառազմականացնելու` Ադրբեջանին ուղղված մեր առաջարկը:
Ավելի վաղ Հայաստանի ռազմական գերատեսչությունը հաղորդել է, որ Ադրբեջանի զինուժը ապրիլի 5-ի լույս 6-ի գիշերը մի շարք ուղղություններում տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից փոփոխական ինտենսիվությամբ կրակ է բացել ՀՀ ԶՈՒ դիրքերի ուղղությամբ: Հայկական կողմն, ըստ հաղորդագրության, գնահատելով իրադրությունը, հետագա սրմանը նպաստող գործողություններ չի արել, ինչից հետո իրավիճակը սահմանագծում հանդարտվել է:
Բաքուն իր հերթին հայտնել է, թե ապրիլի 5-ին՝ ժամը 21:55-ից մինչև ժամը 23:20-ը, հայկական զինված ուժերի ստորաբաժանումները կրակ են բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ:
Սահմանին տևական ժամանակ հարաբերական կայունությունից հետո վերջին օրերին Երևանն ու Բաքուն միմյանց մեղադրում են հրադադարը խախտելու համար։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը նաև պնդում է, թե հայ - ադրբեջանական սահմանի տարբեր հատվածներում «Հայաստանի զինուժի ակտիվ տեղաշարժ է նկատում»։ Երևանը հերքել էր։
Հայաստանում ԵՄ առաքելությունն էլ հայտնել էր, որ պարեկություն է իրականացրել Հայաստան-Ադրբեջան սահմանի հայկական կողմում, և դիտորդները ռազմական որևէ արտառոց տեղաշարժ չեն նկատել։