Իսրայելի բանակը Գազայի հատվածի հարավից դուրս է բերել բոլոր ցամաքային զորքերը, բացառությամբ մեկ բրիգադի, Reuters-ի ու BBC-ի փոխանցմամբ՝ կիրակի օրը հայտնել է բանակի ներկայացուցիչը։
Զինվորականներն այլ մանրամասներ չեն հայտնել: Իսրայելական բրիգադը սովորաբար բաղկացած է մի քանի հազար զինվորից:
Անհասկանալի է, թե արդյոք դուրսբերումը կհետաձգի Գազայի հարավում գտնվող Ռաֆահին արդեն երկար ժամանակ սպառնացող ներխուժումը, որն, իսրայելցի առաջնորդների կարծիքով, անհրաժեշտ է «Համաս»-ի վերացման համար, և որի դեմ հանդես են գալիս մի շարք երկրներ։
«Համաս»-ը ահաբեկչական կազմակերպություն է ճանաչվել ԱՄՆ-ում և ԵՄ-ում։
Ռաֆահը դարձել է Եգիպտոսի հետ սահմանին մոտ գտնվող տարածքում ապաստանած ավելի քան մեկ միլիոն պաղեստինցիների վերջին ապաստանը։
Իրավիճակը Մերձավոր Արևելքում կտրուկ սրվել է 2023 թվականի հոկտեմբերի 7-ին, երբ «Համաս»-ի զինյալները Գազայի հատվածից անսպասելիորեն հարձակվել են հրեական խաղաղ ավանների վրա: Այդ գրոհների հետևանքով սպանվել է մոտ 1200 իսրայելցի, ևս ավելի քան 250 իսրայելցի պատանդառվել է:
Ըստ պաղեստինյան անկլավի առողջապահության նախարարության, որը ենթարկվում է ծայրահեղական «Համաս»-ին, ռազմական գործողությունների հետևանքով զոհվել է ավելի քան 33,100 պաղեստինցի։