Ռուսաստանի քննչական կոմիտեն այսօր կադրեր է հրապարակել՝ պնդելով, որ դրանք գտել են Մոսկվայի ահաբեկչական հարձակման մեջ կասկածվողներից մեկի բջջայինում, ու դրանք, ըստ կոմիտեի, կարող են վկայել Crocus City Hall - ի ահաբեկչության և «հատուկ ռազմական գործողության» (Ռուսաստանն այդպես է անվանում Ուկրաինայի դեմ սկսած պատերազմը) միջև կապի մասին։
Գերատեսչությունը, մասնավորապես, հայտնել է, որ հեռախոսում հայտնաբերվել են «քողարկված համազգեստով մարդկանց լուսանկարներ՝ ուկրաինական դրոշով քանդված տների ֆոնին»։ Հրապարակված կադրերում Ուկրաինա ռուսական ներխուժմանը նվիրված կոլաժ է, որի վրա նշված է ներխուժման ամսաթիվը՝ 2022 թվականի փետրվարի 24։
Ռուսական իշխանությունները պնդում են, որ 144 մարդու կյանք խլած ահաբեկչությանը մեղսակից է Ուկրաինան, չնայած դրա պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը։ Ռուսաստանի իրավապահներն էլ մեկ տասնյակից ավելի մարդու են արդեն ձերբակալել, և գրեթե բոլորը Տաջիկստանի քաղաքացիներ են։
Նախկինում ուկրաինական հետքի վարկածի օգտին իշխանությունների միակ փաստարկն այն էր, որ ահաբեկչությունից հետո ենթադրյալ հանցագործները ուղղվել են դեպի Ուկրաինային սահմանակից Բրյանսկի շրջան։ Կիևը կտրականապես հերքում է Crocus-ի վրա հարձակման հետ կապը։
ԱՄՆ-ը, որը նախազգուշացրել էր Ռուսաստանին հնարավոր հարձակման մասին և նույնիսկ նշել էր ահաբեկչության հնարավոր վայրը, վստահ է, որ արյունալի այս հարձակումը կազմակերպել է ԻՊ-ը։ Արևմտյան երկրները կոչ են անում Մոսկվային հրաժարվել Ուկրաինայի դեմ մեղադրանքներից։
Ռուսաստանի իշխանությունները, սակայն, իրենցն են պնդում և գրեթե ամեն օր խոսում ահաբեկչության ուկրաինական հետքի մասին։ Ավելին, նախագահ Պուտինը հայատարել է, թե ծայրահեղական իսլամիստները Ռուսաստանին ատելու որևէ պատճառ չունեն։
«Ռուսաստանը չի կարող լինել իսլամական ֆունդամենտալիստների ահաբեկչական հարձակումների թիրախը: Մենք երկիր ենք, որը ցույց է տալիս միջկրոնական ներդաշնակության և միասնության, միջկրոնական և ազգամիջյան միասնության եզակի օրինակ: Նույն մոտեցումն ունենք նաև արտաքին հարաբերություններում, և Ռուսաստանը դժվար թե թիրախ լինի իսլամական ֆունդամենտալիստների հարձակումների համար», - ասել է նա:
Պուտինի պնդմամբ՝ հարձակման պատվիրատուներն ուզում էին խաթարել ռուսական հասարակության միասնությունը, երբ իր ղեկավարած երկիրը «հակամարտության մեջ է ամբողջ Արևմուտքի հետ»։ Բայց մինչ Ռուսաստանի նախագահն ու մյուս պաշտոնյաները պարբերաբար ուկրաինական հետքի մասին են խոսում, Ռուսաստանի տարբեր քաղաքներում սկսվել է աշխատանքային միգրանտների իսկական որս։
Կենտրոնական Ասիայից եկած միգրանտներն ասում են, որ Ռուսաստանի տարբեր քաղաքներում ոստիկանները պարզապես բռնում են իրենց։ Բախտիյար անունով ուզբեկստանցի երիտասարդը «Ազատության» «Настоящее время»-ին պատմել է, որ արդեն վախենում է փողոց դուրս գալ։
«Եթե դուրս ես գալիս փողոց, ոստիկանությունն անմիջապես բռնում է քեզ և տանում այն պատրվակով, որ փաստաթղթեր չունես։ Ոչ մի բացատրություն, որ ես աշխատանք չունեմ, աշխատանք եմ փնտրում, չի օգնում։ Միանգամից տանում են ոստիկանական բաժանմունք: Նրանց համար, եթե դու պատենտ չունես, դու անօրինական միգրանտ ես», - ասել է նա:
Ահաբեկչությունից հետո համացանցը և ռուսական մեդիաները հեղեղված են նման դեպքերի մասին տեսագրություններով։
Հարձակումից հետո Կենտրոնական Ասիայի երկրներից եկած միգրանտները մեծ դժվարությամբ են աշխատանքի թույլտվություններ ստանում, իսկ առանց դրա չեն կարող օրինական աշխատել Ռուսաստանում։ Հերթերը մեծ են հատկապես Ռոստովի միգրացիոն կենտրոնում, որտեղ հարյուրավոր մարդիկ օրերով հերթ են կանգնում ոչ միայն փակ տարածքում, այլև դրսում անձրևի տակ, որպեսզի ստանան աշխատանքի թույլտվությունը։
«Միգրանտների հոսք չկա, սա սուտ է, ուղղակի պատուհանները փակել են, ինչո՞ւ են փակել պատուհանները, կարծում եմ՝ հենց միգրանտների հոսքի պատկեր ստեղծելու համար, որպեսզի ասեն՝ նրանք չափազանց շատ են, նրանց հետ պետք է պայքարել։ Սա արվում է միայն կենտրոնական հեռուստաալիքների համար տեսահոլովակ պատրաստելու, միգրանտներին որպես վտանգավոր ամբոխ ներկայացնելու, որպեսզի հետո նկարահանեն, թե ինչպես են ոստիկանները բերման ենթարկում և ծեծում նրանց», - ասել է իրավապաշտպան Վալենտինա Չուպիկը։
Նրա գնահատմամբ՝ Crocus-ում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո Ռուսաստանում միգրանտների նկատմամբ ճնշումը կտրուկ աճել է։