Մատչելիության հղումներ

Արցախից Հայաստան տեղափոխված Սարգիս Գալստյանին մեղադրանք է ներկայացվել լրտեսության համար


Սարգիս Գալստյանը, արխիվ
Սարգիս Գալստյանը, արխիվ

Արցախի հայաթափումից հետո Ստեփանակերտում մնացած հայերից մեկը՝ Սարգիս Գալստյանը, Հայաստան տեղափոխվելուց հետո ձերբակալվել է ենթադրաբար Ադրբեջանի օգտին լրտեսության մեղադրանքով։ Քննչական կոմիտեի խոսնակ Գոռ Աբրահամյանի փոխանցմամբ՝ նա արդեն կալանավորված է։

«Մարտի 30-ին նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակներում նշված անձին ներկայացվել է մեղադրանք լրտեսության համար։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը։ Նախաքննության շահերից ելնելով՝ հավելյալ տեղեկատվություն այս պահին հրապարակման ենթակա չէ», - փոխանցեց նա։

Գալստյանն ու կինը Հայաստան են մուտք գործել անցած ուրբաթ, ամուսնուն ձերբակալել են Գորիսում։ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Զառա Ամատունին առանց անուններ տալու հաստատեց, որ անցած ուրբաթ երկու քաղաքացու են աջակցել Արցախից տեղափոխվել Հայաստան։

«Անցյալ ուրբաթ օրը՝ մարտի 29-ին, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ տեղափոխվել է երկու քաղաքացիական անձ Հայաստան Ղարաբաղից։ Բնականաբար, այդ աջակցությունը մենք տրամադրել ենք՝ հիմնվելով այդ անձանց կամքի և ցանկության վրա։ Նման գործողություններ մենք իրականացրել ենք նաև նախկինում։ Ընդհանուր առմամբ 50-ից ավելի անձի հոկտեմբերից առայսօր օգնել ենք տեղափոխվել իրենց ցանկությամբ Հայաստան», - նշեց Զառա Ամատունին։

Սարգիս Գալստյանն Արցախում տարբեր պաշտոններ է զբաղեցրել, 1990-ականներին մասնակցել է պատերազմական գործողություններին, աշխատել է Ազգային անվտանգության ծառայությունում, եղել է Շուշիի վարչական շրջանի ղեկավարի տեղակալը, ապա աշխատել Ռազմահայրենասիրության և կրթության նախարարությունում։

Մեղադրանքը հաստատվելու դեպքում նրան սպառնում է 12-20 տարվա կամ ցմահ ազատազրկում։ Քննչական կոմիտեն չի մանրամասնում՝ արդյո՞ք նա փաստաբան ունի և արդյոք ընդունել է իրեն առաջադրված մեղադրանքը։ Գալստյանի վերաբերյալ տեղեկություններ էին շրջանառվում, թե Բաքուն նրան Ստեփանակերտի պարետ է նշանակել։ Այս լուրերը, սակայն, չհաստատվեցին, ավելին՝ նախագահ Ալիևը ադրբեջանցու նշանակեց Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաքի պարետ։

Արցախի ընդդիմադիր «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը, որը կալանավորված Սարգիս Գալստյանի եղբորորդին է, այսօր «Ազատության»-ն ասաց, թե տևական ժամանակ է՝ կապ չուներ հորեղբոր հետ և տեղյակ չէ ձերբակալությունից։

«Ամիսներ առաջ իմ կապը կտրվել էր նրա հետ, և ես տեղյակ էլ չեմ, թե մտադիր էին գալու, եկել էին, թե մտադիր էին մնալու, թե ինչ։ Ընդհանրապես ոչ մի տեղեկություն Սարգիս Գալստյանից և իր կնոջից չունեմ», - ասաց նա։

Դեռևս պարզ չէ, թե սեպտեմբերի 19-ի ադրբեջանական հարձակումից հետո Գալստյաններն ինչու մյուսների նման չեկան Հայաստան և ինչու են կես տարի անց որոշել դա անել։ Հայաստանում գտնվող նրանց մյուս հարազատների հետ «Ազատություն»-ը կապ հաստատել չի կարողացել։

Սարգիս Գալստյանի մասին Արցախի օմբուդսմեն Գեղամ Ստեփանյանն է փորձել որոշ տեղեկություններ ճշտել, բայց՝ ապարդյուն. - «Կարող եմ ենթադրություն անել, որ հավանաբար խոսքը նրա մասին տարածված տեղեկությունների՝ Ադրբեջանի կողմից պարետ նշանակվելու, հետո այս ընթացքում Ադրբեջանում գտնվելու, նրա և իր ընտանիքի անդամների ակտիվությունը ինստագրամյան հարթակներում և այլն, հնարավոր է այս ամեն ինչի համադրությունն է պատճառ հանդիսացել՝ նման մեղադրանք առաջադրելու»

Օմբուդսմենը, Գալստյանների օրինակն աչքի առաջ ունենալով, ասում է՝ չնայած ինտեգրացիայի մասին Բաքվի հայտարարություններին, Արցախում մնացած հատուկենտ մարդիկ լքում են Ստեփանակերտը։

«Անցած վեց ամիսների ընթացքում համոզվել են, որ դա անհնար է, և դուրս են եկել։ Սա ևս ինչ-որ առումով ցուցիչ պետք է լինի միջազգային հանրության համար, որ կան մարդիկ, ովքեր փորձել են մնալ և հետո եկել են այն համոզման, որ անհնար է մնալ այնտեղ, ու դիմել են Կարմիր խաչին էվակուացիա կազմակերպելու համար», - ասաց նա։

Թե քանի հայ է մնացել Արցախում, ստույգ տվյալներ չկան, որոշ գնահատականներով՝ այս պահին նրանց թիվը երկու տասնյակից էլ քիչ է։

XS
SM
MD
LG