Արցախահայերի բռնի տեղահանումից հետո Ստեփանակերտում մնացած Սարգիս Գալստյանը և նրա կինը Ադրբեջանի քաղաքացիություն չեն ստացել, «Ազատության» հետ զրույցում վստահեցրեց Արցախի ընդդիմադիր «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը, որը Սարգիս Գալստյանի եղբորորդին է։
Արցախցի պատգամավորը պնդեց, թե Ղարաբաղում մնացած հայերից ոչ ոք քաղաքացիություն չի ստացել։ Ադրբեջանն, ըստ պատգամավորի, նման պահանջ չի դրել։
Դավիթ Գալստյան․ - Իմ ունեցած տեղեկություններով՝ ոչ թե ինքը, այլ ընդհանրապես տենց խնդիր չկա անձնագիր ստանալու։
«Ազատություն»․ - Այսինքն, իրենք չե՞ն մասնակցելու Ադրբեջանի նախագահի ընտրություններին։
Դավիթ Գալստյան․ - Եթե Արցախի հանրապետությունում Ազգային ժողովի կամ նախագահի արտահերթ ընտրություն լինի, ես հստակ ասում են, որ հորեղբայրս մասնակցելու է։
«Ազատություն»․ -Բայց հստա՞կ է, որ ինքը անձնագիր չի ստացել, նաև իր կինը։
Դավիթ Գալստյան․ - Ոչ մեկը այնտեղ գտնվողներից..., չկա Ադրբեջանի կողմից այդպես դրված խնդիր, որ Ադրբեջանի անձնագիր ստանան։
«Ազատություն»․ - Միայն հաշվառվո՞ւմ են։
Դավիթ Գալստյան․ - Հա, Կարմիր խաչն է էդ մարդկանց հաշվառել, ժամանակ առ ժամանակ օգնություն են տալիս ուտելիքի տեսքով, ես էդքանը գիտեմ։
Սարգիս Գալստյանն Արցախում տարիներ շարունակ տարբեր պաշտոններ է զբաղեցրել, 1990-ականներին մասնակցել է պատերազմական գործողություններին, եղել է Շուշիի վարչական շրջանի ղեկավարի տեղակալը, ապա աշխատել Ռազմահայրենասիրության և կրթության նախարարությունում։ Իսկ արդեն սեպտեմբերի 19-ի ադրբեջանական հարձակումից հետո, ըստ Դավիթ Գալստյանի, Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հորեղբորը մեկ այլ պաշտոնի էր նշանակել։