Ապրիլի 1-ին Դամասկոսում Իրանի հյուպատոսության վրա ավիահարվածի հետևանքով զոհվել են բազմաթիվ մարդիկ, այդ թվում՝ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար, հատնում են Սիրիայի և Իրանի պաշտոնյաները, լրատվամիջոցները և ընդդիմադիր խմբերը:
«Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Քուդս» ուժերի բարձրաստիճան հրամանատար, գեներալ Մոհամմադ Ռեզա Զահեդին նահատակվել է Դամասկոսում Իրանի Իսլամական Հանրապետության հյուպատոսության շենքի վրա «Սիոնիստական» ռեժիմի մարտիկների հարձակման հետևանքով», - հաղորդում է իրանական պետական հեռուստատեսությունը:
Որոշ տեղեկությունների համաձայն՝ 63-ամյա Զահեդին «Քուդս» ուժերի նախկին հրամանատարն է եղել, սակայն այլ մանրամասներ հայտնի չեն:
Ռազմական աղբյուրը սիրիական պաշտոնական լրատվական գործակալությանը հայտնել է, որ իսրայելական հրթիռները արձակվել են գրավյալ Գոլանի բարձունքից:
Իրանն էլ հայտնել է, որ հյուպատոսությունը խոցվել է F35 կործանիչների կողմից արձակված վեց հրթիռներով։
Իսրայելի բանակի խոսնակը կոնկրետ մեկնաբանություն չի տվել՝ միայն ասելով. - «Մենք չենք մեկնաբանում արտասահմանյան լրատվամիջոցների հաղորդագրությունները»:
Պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերն էլ ամենօրյա մամուլի ճեպազրույցում ասել է, որ Վաշինգտոնը «մտահոգված է այն ամենով, ինչը կարող է առաջացնել էսկալացիա կամ տարածաշրջանում հակամարտությունների մեծացում»։