Մատչելիության հղումներ

ՀՀ ԶՈՒ տեղաշարժի մասին Բաքվի հաղորդման նպատակը Երևանի նկատմամբ ճնշումն է. փորձագետներ


ԵՄ դիտորդները Ադրբեջանի հետ Հայաստանի սահմանին, արխիվ
ԵՄ դիտորդները Ադրբեջանի հետ Հայաստանի սահմանին, արխիվ

Հայկական զինտեխնիկայի կուտակման մասին ադրբեջանական իշխանամերձ մեդիայում տարածվող տեսանյութերն ու լուսանկարները, ըստ հայաստանյան ռազմական փորձագետների, Բաքվի քարոզչական թեզերը հաստատելու հերթական փորձն են, որի նպատակը Երևանին զիջումների դրդելն է ու նաև եվրոպական դերակատարներին վարկաբեկելը։

«Արևմտյան խաղացողների ռեյտինգը իջեցնել Հայաստանում, իրենց ցույց տալ որպես ոչ-էֆեկտիվ ուժեր, երկրորդը, երրորդը՝ իրենք ունեն մի քանի թեմա, որից ուզում են էլի զիջումներ Հայաստանից՝ մեկը՝ այդ այդպես կոչված Զանգեզուրի միջանցքը, երկրորդը՝ Տավուշի հետ կապված այդ սահմանամերձ գյուղերի հարցը», - «Ազատության» հետ զրույցում ասաց ԱՊՐԻ Հայաստան կենտրոնի ավագ գիտաշխատող Լեոնիդ Ներսիսյանը:

Տեսանյութերին երեկ վաղ առավոտյան հաջորդեց Ադրբեջանի պաշտպանության նախարարության պնդումը, թե հայ - ադրբեջանական սահմանի տարբեր հատվածներում «Հայաստանի զինուժի ակտիվ տեղաշարժ է նկատում»։ Սպառնացել էին՝ «Ադրբեջանի դեմ ռազմական սադրանքի ցանկացած փորձի դեպքում այն վճռականորեն կճնշվի»։ Ընդ որում՝ Ադրբեջանի ռազմական գերատեսչությունը կուտակումների մասին որևէ փաստ չէր ներկայացրել։

Երևանը հերքել էր։ Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ ադրբեջանական տելեգրամյան ալիքներում ուսումնական ավտոերթի լուսանկարները Բաքուն փորձում է ներկայացնել որպես դեպի սահմաններն ուղղված զորաշարժ։

Հայաստան - Ադրբեջան պետական սահմանի երկայնքով վերջին շրջանի օպերատիվ իրավիճակը ՀՀ պաշտպանության նախարարությունը գնահատում է կայուն և սահմանի պահպանության համար լրացուցիչ միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտություն չի տեսնում, հայտարարել էին ռազմական գերատեսչությունից։

Եվրամիության դիտորդական առաքելությունն էլ, իր հերթին, ըստ էության, հերքեց Բաքվին։ Հակառակ Ադրբեջանի պնդումների՝ «դիտորդները ոչ մի արտառոց շարժում» չէին նկատել սահմանին, արձանագրելով՝ ամեն ինչ հանգիստ է։

Ռազմական ոլորտի մասնագետները չեն բացառում, որ Բաքվի տեղեկատվական արշավը կարող է նաև նախապատրաստություն լինել էսկալացիա հրահրելու համար։ Շեշտում են՝ նախորդ հարձակումներին էլ են նախորդել նմանատիպ պնդումները։

Ժողովրդավարության և անվտանգության տարածաշրջանային կենտրոնի փորձագետ Էդուարդ Առաքելյանի խոսքով՝ ոչինչ բացառել պետք չէ. - «Ես ոչինչ չեմ բացառում: Նրանք կարող են հարվածել, նրանք կարող են չհարվածել, նրանք իրենց պատրվակ կգտնեն, կարևոր չէ՝ միջազգային հանրույթը դա կընդունի՞, թե՞՝ ոչ։ Իրենց համար մեկ է»։

Ըստ Լեոնիդ Ներսիսյանի էլ՝ «սադրանքը կարող է լինել ոչ շատ մեծ, ասենք, ձևաչափով, բայց մեկ է, բավականին ռիսկային, ինձ թվում է, ժամանակաշրջան է հիմա, հատկապես՝ այս ապրիլի 5-ի հանդիպումը»:

Բրյուսելում Հայաստանի վարչապետն այս ուրբաթ հանդիպելու է Միացյալ Նահանգների պետքարտուղարին ու Եվրոպական հանձնաժողովի նախագահին։ Այս հանդիպումը Բաքուն կողմնակալ էր որակել։ Ըստ ադրբեջանական կողմի՝ դա Հայաստանում վտանգավոր պատրանք կարող է ստեղծել, որ ԵՄ-ն ու ԱՄՆ-ը կաջակցեն Հայաստանին Ադրբեջանի դեմ հնարավոր սադրանքների հարցում»։

«Ես չգիտեմ՝ այժմ ո՞վ կհավատա, թե իբր ապրիլի 5-ին Հայաստանը պատրաստվում է պատերազմի . այսօրվա դրությամբ դա ֆանտաստիկայի ժանրից է թվում», - ընդգծեց Էդուարդ Առաքելյանը:

Փորձագետներն ասում են՝ ադրբեջանական ալիքների տարածած տեսանյութերը, լուսանկարները որևէ կերպ հիմնավոր փաստ չեն՝ հաստատելու, թե հայկական կողմը սադրանք է նախապատրաստում։ Օրինակ, տեսանյութերից մեկում ռազմական տեխնիկայի ու մարդուժի տեղաշարժ է, սակայն հստակ չէ՝ երբ ու ինչ պայմաններում է արվել։ Մասնագետները ենթադրում են՝ Երասխի ադրբեջանական դիրքերից են կադրերն արվել, բայց դժվար է ասել՝ նո՞ր են, թե՞՝ հին։ Այդ տեսանյութում նրանք որևէ արտառոց բան չեն տեսնում։ Շեշտում են՝ նման տեղաշարժերը նորմալ են՝ դրանք կարող են պարբերական մատակարարումներ լինել կամ զինծառայողների հերթափոխ։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG