«Միջուկային անվտանգությունը երբեք չպետք է վտանգվի հակամարտությունների պատճառով»,- երևանյան այցի ընթացքում հայտարարեց Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին՝ անդրադառնալով միջազգային հարթակներում Մեծամորի ատոմակայանը փակելու Բաքվի պահանջին։
Ադրբեջանը տարիներ շարունակ պնդում է, թե հայկական ատոմակայանը վտանգ է ստեղծում տարածաշրջանի համար։
«Ես գիտեմ, որ անցյալում նման բաներ հայտարարվել են։ Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը միշտ ասել է, որ միջուկային անվտանգությունը երբեք չպետք է վտանգվի հակամարտությունների պատճառով։ Այնպես որ, ես հույս ունեմ, որ այդպես չի լինի։ Եվ ես դա շատ հստակ եմ ասել», - նշել է ԱԷՄԳ տնօրենը։
Հայաստանի արտգործնախարարի հրավերով երկօրյա այցով Երևան ժամանած Ռաֆայել Գրոսին արդեն հանդիպել է վարչապետի, նախագահի հետ, այցելել Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն, Մեծամորի ատոմակայան։ Երեկ Թվիթերում նա գրառում է կատարել՝ դրական գնահատելով Մեծամորի ԱԷԿ-ում կատարված անվտանգային բարեփոխումները։
«Հայաստանի տնտեսությունը հենված է Մեծամորի ատոմային էլեկտրակայանի վրա, և Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը շարունակելու է իր աջակցությունն առաջարկել՝ օգնելու ատոմակայանին՝ ցածր ածխածնային էներգիան մատակարարել ապահով և անվտանգ կերպով։ Ուրախ եմ տեսնել Մեծամորում արված անվտանգային բարեփոխումները, տպավորված եմ նվիրված անձնակազմի հանձնառությամբ»,- գրել էր նա։
Հայաստանի նախագահ Վահագն Խաչատրյանի հետ հանդիպման ընթացքում, ըստ պաշտոնական հաղորդագրության, անդրադարձ է կատարվել Հայաստանում նոր ատոմային էներգաբլոկի կառուցման նախագծային աշխատանքներին, երիտասարդ և պրոֆեսիոնալ մասնագետների պատրաստման անհրաժեշտությանը:
Տարեսկզբին ռուսական «Ռոսատոմը» և Հայաստանը հուշագիր էին ստորագրել ատոմային էներգաբլոկ կառուցելու համագործակցության մասին, բայց թե երբ դա իրականություն կդառնա, հստակություն չկա։ Գործող էներգաբլոկի շահագործման ժամկետը երկարաձգվել է մինչև 2026 թվականը, դրանից հետո ծրագրվում ևս 10 տարով երկարաձգել այս ժամկետը։
Միջազգային կազմակերպության ղեկավարն այսօր արդեն լրագրողների հետ կարճ զրույցում հաստատեց, որ մինչև հիմա բավարար աշխատանք է արվել Մեծամորում և Հայաստանը մշտապես կարող է ակնկալել իրենց աջակցությունը։
«Մեծամորի ատոմակայանի աշխատանքը երկարաձգելու հնարավորությունը կախված է այս լավ արված աշխատանքի շարունակականությունից։ Այսինքն՝ շարունակական ջանքեր պետք է ներդրվեն, բայց ես շատ ոգևորված եմ իմ տեսածով», - նշել է նա։
Երևանից Գրոսին կմեկնի Կիև, այնուհետև՝ Մոսկվա։ Չբացառեց, որ կայցելի նաև Զապորոժիեի ատոմակայան։ Ռուսաստանի կողմից օկուպացված Եվրոպայի ամենամեծ կայանը ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով գնդակոծության տակ էր հայտնվել։ Կողմերը միմյանց են մեղադրում կայանի շուրջ մարտական գործողությունների համար: Սեպտեմբերի սկզբին Ատոմային էներգետիկայի միջազգային գործակալության տեսուչները ժամանել էին ատոմակայան՝ անվտանգության խնդիրների պատճառով:
Ռուսաստանի նախագահը բացահայտ սպառնում է միջուկային պատերազմով։ Վլադիմիր Պուտինն օրեր առաջ մասնակի մոբիլիզացիա հայտարարելիս ասել էր, որ պատրաստ է մինչև վերջ գնալ՝ «Ռուսաստանի շահերը պաշտպանելու համար», հիշեցնելով, որ Դաշնությունը նաև միջուկային զինանոց ունի:
«Ազատության» հարցին՝ արդյո՞ք այսօր աշխարհը կանգնած է միջուկային պատերազմի վտանգի առջև, Գրոսին պատասխանեց՝ իր գործը հենց դա կանխել է. «Ես կարծում եմ, որ միջուկային պատերազմի հնարավորությունը պետք է ընդհանրապես բացառել։ Իմ պարագայում շահարկումների տեղիք կտա, եթե ես ասեմ՝ այո կամ ոչ, իմ գործն է աշխատել կանխել, որ դա տեղի չունենա»:
Գրոսին այսօր նաև Երևանի պետական համալսարանում ուսանողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձավ միջուկային զենքի հնարավոր կիրառմանը, պատերազմական գոտիներում ատոմակայանների անվտանգության խնդիրներին՝ ընդգծելով՝ իր գործառույթների մեջ է մտնում նաև միջուկային պատահարներ կանխելը, որոնք կարող են առաջանալ ռազմական գործողությունների ժամանակ։
Չնայած այսօր միջուկային զենքը նաև չարիք է դարձել մարդկության ձեռքում, այդուհանդերձ, ատոմային էներգիայի միջոցով այսօր տնտեսություններ են կառուցվում, առողջապահական համակարգն է հզորանում։ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության ղեկավարը՝ դիմելով ապագա գիտնականներին ամփոփեց՝ «արևը միշտ չի շողում, քամին միշտ չի փչում, ատոմային էներգիան հենց այս դեպքերի համար է»։