Հարավային Կովկասում խաղաղության վերականգնումը տարածաշրջանային և գլոբալ նշանակություն ունի, այսօր Բաքվում, Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի արտգործնախարարների եռակողմ հանդիպմանը հաջորդած համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը։
Նա նաև ընդգծել է․ - «Այս առումով մենք ակնկալում ենք համընդհանուր աջակցություն Զանգեզուրի ուղու բացմանը»։
Ընդգծելով, որ այս չորս տարիների ընթացքում Ադրբեջանը վերականգնել է իր տարածքային ամբողջականությունը, Վրաստանը դարձել է Եվրամիության անդամի թեկնածու՝ Ֆիդանն ասել է, որ անհրաժեշտ քննարկումներ են ունեցել՝ երկրների միջև համագործակցությունը խթանելու համար։
«Մենք պատրաստ ենք հնարավոր ամեն ինչ անել յուրաքանչյուր հարցում», - ասել է Ֆիդանը։
Թուրքիայի նախկին վարչապետ, այժմ Թյուրքալեզու պետությունների Ավագների խորհրդի նախագահի պաշտոնը զբաղեցնող Բինալի Յըլդըրըմը երեկ Բաքվում, ադրբեջանցի լրագրողների հետ զրույցում, ևս անդրադարձել էր «Զանգեզուրի միջանցքին»՝ հայտարարելով՝ այն պետք է բացվի։
«Հարկավոր է բացել սահմանները Ադրբեջանի և Թուրքիայի հետ, բացել «Զանգեզուրի միջանցքը»։ Հարկավոր է նաև փոփոխությունների ենթարկել Հայաստանի Սահմանադրությունը։ Հայաստանի զինանշանի վրա պատկերված են մեր հողերը և Արարատ լեռը։ Դա պետք է վերացվի», - հայտարարում էր Յըլդըրըմը՝ Արարատի պարագայում օգտագործելով դրա թուրքական տեղանունը։
Ապա Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն էր հայտարարել, թե «Զանգեզուրի միջանցքը» կդառնա Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու այլընտրանքը և թյուրքական աշխարհը միավորող գործոն, կնպաստի Թուրքիայում արդյունաբերության, տեխնոլոգիայի և զբոսաշրջության զարգացմանը։
Պաշտոնական Երևանը «Զանգեզուրի միջանցք» ձևակերպումը գնահատում է տարածքային նկրտում Հայաստանի նկատմամբ։
Անցած տարեվեջին Բաքուն հայտարարեց, թե «Զանգեզուրի միջանցք»-ը կորցրել է իր գրավչությունը»՝ նշելով՝ այդ ծրագիրը կարող է իրականացնել Իրանի հետ։ Սակայն, այս տարեսկզբից Ադրբեջանը հարցը կրկին օրակարգ է բերել՝ պնդելով, թե Հայաստանը պետք է Նախիջևանի հետ ճանապարհ տրամադրի՝ առանց մաքսային ու սահմանային վերահսկողության։
 
 
 
 
 
 
 
![«Զանգեզուրի միջանցքը նույնպես պետք է բաց լինի, զինանշանի վրայից Ագրիդաղը [Արարատ լեռը] պետք է վերացվի»․ Բինալի Յըլդըրըմ](https://gdb.rferl.org/7a46469d-29f7-4e80-8a55-6af34bd85060_cx3_cy23_cw45_w33_r1.jpg) 
 
 
 
 
