Մատչելիության հղումներ

Մակրոնը հնարավոր է համարում, որ Արևմուտքը զորք ուղարկի Ուկրաինա. ՆԱՏՕ-ն, ԵՄ մի շարք երկրներ դեմ են


Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը փարիզյան հանդիպմանը հաջորդած ասուլիսի ժամանակ, 26-ը փետրվարի, 2024թ.
Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը փարիզյան հանդիպմանը հաջորդած ասուլիսի ժամանակ, 26-ը փետրվարի, 2024թ.

Ֆրանսիայի նախագահը Փարիզում եվրոպացի առաջնորդների հանդիպումից հետո հայտարարել է, թե հնարավոր է՝ Արևմուտքը նաև զորք ուղարկի Ուկրաինա, որն արդեն երկրորդ տարին է պայքարում ռուսական ագրեսիայի դեմ:

«Այսօր երեկոյան ամեն ինչ քննարկվեց շատ բաց և անմիջական։ Այսօր չկա կոնսենսուս: Բայց ոչինչ պետք չէ բացառել։ Մենք կանենք անհրաժեշտ ամեն ինչ, որպեսզի Ռուսաստանը չկարողանա հաղթել այս պատերազմում», - ասել է Էմանյուել Մակրոնը՝ չհստակեցնելով, թե որ երկրներն են դիտարկում նման հնարավորությունը։

Այս պահին հստակ է, սակայն, որ դրան դեմ է ՆԱՏՕ-ն։ Գլխավոր քարտուղարը ժամեր առաջ հայտարարեց՝ Դաշինքի անդամներն աննախադեպ աջակցություն են տրամադրում Կիևին 2014 թվականից ի վեր, սակայն Ուկրաինայի տարածք զորք ուղարկելու մտադրություն ՆԱՏՕ-ն չունի։

Նույնն են պնդել նաև Եվրամիության մի շարք երկրներ, այդ թվում՝ Գերմանիայի կառավարությունը։ Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիկոն էլ որոշ փակագծեր է բացել, թե Եվրոպայում որոշ երկրներ պատրաստ են իրենց զորքերն ուղարկել Ուկրաինա, կան երկրներ, որոնք ասում են՝ «երբեք», այդ թվում՝ Սլովակիան, և կան երկրներ, որոնք ասում են, թե «առաջարկը պետք է դիտարկել»

Մինչ այդ, Կրեմլից սպառնացել են՝ եթե Արևմուտքը նաև զինվորներ տրամադրի Ուկրաինային, հակամարտությունը կվերածվի Ռուսաստան - ՆԱՏՕ բախման։

«Այդ դեպքում պետք է խոսել ոչ թե ՆԱՏՕ-ի ու Ռուսաստանի միջև ուղիղ հակամարտության հնարավորության, այլ՝ անխուսափելիության մասին։ Եվ մենք դա այդպես էլ կգնահատենք, և այդ երկրներն էլ պետք է նույն կերպ գնահատեն և իրենց հաշիվ տան՝ արդյո՞ք դա համապատասխանում է իրենց շահերին, և որ կարևորն է՝ իրենց քաղաքացիների շահերին», - ասել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն էլ պնդել է, թե նման առաջարկ անողները, կամ՝ նման բանը հավանական համարողները պետք է իրենց գլուխն օգտագործեն առավել ռացիոնալ և Եվրոպայի համար անվտանգ նպատակներով:

Այս հարցն օրակարգ էր մտել երեկ Փարիզում, որտեղ ԵՄ առաջնորդները՝ Մեծ Բրիտանիայի ու Միացյալ Նահանգների ներկայացուցիչների հետ, քննարկում էին Ուկրաինային զենք-զինամթերք մատակարարելու հնարավորությունները։ Փաստացի, այս պահին ԵՄ երկրները դեռ չեն կարողանում կատարել մատակարարման իրենց պարտավորությունները և փորձում են բացը լրացնել երրորդ երկրներից զինամթերք գնելու միջոցով։ Ըստ այդ նախաձեռնության հեղինակ Չեխիայի վարչապետի՝ Միության 27 անդամներից 15-ը համաձայնել են գումար տրամադրել Եվրամիությունից դուրս արտադրված զինամթերք գնելու համար, մանրամասները, սակայն, դեռ չեն հրապարակվում:

Մինչ Ուկրաինայի արևմտյան դաշնակիցները ճանապարհներ են փնտրում` Կիևին անհրաժեշտ զենքը մատակարարելու համար, ռուսները խոսում են ճակատում առաջընթացի մասին՝ Ավդեևկայի ուղղությամբ։ Մոսկվան հաղորդում է, թե գրավել է Սևերնոյե գյուղը, մինչ այդ ռուսների վերահսկողության տակ էր անցել Լաստոչկինո բնակավայրը։ Այսօր էլ թեժ մարտեր են Օռլովկա և Ստեպնոյե գյուղերի համար։

Այս ֆոնին Հյուսիսային Կորեայի պաշտպանության նախարարն այսօր հաստատել է, որ հուլիսից ի վեր Փհենյանը միլիոնավոր հրթիռներ է ուղարկել Ռուսաստան։ Reuters-ը, հղում անելով հյուսիսկորեական աղբյուրներին, հաղորդում է, թե դրա դիմաց Մոսկվան Փհենյան է ուղարկել սննդամթերք ու տեխնիկական աջակցություն է տրամադրել տիեզերք արբանյակներ արձակելու գործում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG