Մատչելիության հղումներ

Փարաջանովի «Նռան գույնը» բեմ է բարձրացել


Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը» էկրաններից բեմ բարձրացավ։ Աշխարհահռչակ կինոռեժիսորի 100-ամյակին նվիրված հայ-ֆրանսիական համատեղ պարային այս ներկայացումը երկխոսություն է փարաջանովերեն։

«Այս նախագծում Փարաջանովին ներկայացնում եմ իմ տեսակետից, իմ զգայական դաշտով». - ներկայացման պարուսույցը ֆրանսիացի Մուրադ Մերզուկին է, ով հայտնի է փողոցային պարերը բեմ բերելով։ Փարաջանովին ժամանակից պարի, ռեփի էլեմենտներով ներկայացնելը, ասում է, վտագավոր, բայց կարևոր քայլ էր։

«Շատ պատասխանատու գործ է անդրադառնալ Փարաջանովին, բայց նպատակն այն չէր, որ նրան իմ ոճի մեջ բերեմ։ Ես փորձել եմ հավատարիմ մնալ իր պատկերային մտածողությանը և հանդիսատեսին հասցնել իր ներաշխարհը՝ իր բոլոր գույներով։ Սա մշակութային, արտիստիկ մարտահրավեր է, անդրադարձ մի արտիստի, մի մշակույթի, որն ինձ համար շերտերով, կամաց-կամաց եմ բացահայտել։ Միևնույն ժամանակ սա հրաշալի կամուրջ է արտիստների, ժողովուրդների, պետությունների միջև», - ասում է Մերզուկին:

Պարողներից հինգը ֆրանսիացիներ են, երկուսը Հայաստանից են հրավիրված, երաժիշտները՝ «Հող արթուն» խումբն է:

Դրամատուրգիական կոնցեպտի հեղինակ ֆրանսիաբնակ Սաթէ Խաչատրյանն է պատմում՝ հայ-ֆրանսիական այս նախագծի նպատակն է նաև ճանաչել Փարաջանովի արվեստը տարբեր տեսանկյուններից. - «Ինչպես ներկայացնել Փարաջանովին՝ այդ ձևը ավելի մատչելի դարձնելու համար ընտրեցինք պարը, բայց նաև՝ այն պարզ պատճառով, որ մասնավորապես «Նռան գույնը» ֆիլմում պարը, ժեստը շատ մեծ տեղ և նշանակություն ունի: Այսինքն՝ մենք տեսնում ենք մի ռեժիսորի, ով մարմնի լեզվով է խոսում: Ինչպես ֆիլմում է շատ պատկերային և հատվածական մտածողությունը, նույնկերպ նաև ներկայացման մեջ մենք կարող ենք տեսնել ինը պատկերներ, որոնք հիշեցումն են հենց ֆիլմի, այսինքն՝ գրքերի տեսարանն է, հրեշտակներն են, հարսանիքն է»:

Ներկայացման առաջնախաղը հունվարին էր՝ Ֆրանսիայի «Տոբոգան», այնուհետև՝ «Գասկոն» թատրոններում։ Մարտի 15-ին և 16-ին բեմադրությունը կցուցադրվի Երևանում։ Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում հենց հիմա վերջին փորձերն են։

XS
SM
MD
LG