Երևանի կոնսերվատորիայի ուսանողները ստորագրահավաք են սկսել բուհն «Ակադեմիական քաղաք» տեղափոխելու՝ Կառավարության նախաձեռնության դեմ։
17-րդ թաղամասի հարակից հատվածում է գործադիրը ծրագրում կառուցել ավանը, որտեղ կենտրոնացվելու են հիմնական բուհերը՝ մի քանի կլաստերներում։
«Ժամը առավոտյան 11-ից սկսել ենք: Այս պահի դրությամբ, ընդամենը մի քանի ժամվա մեջ որպես միայն դասախոս 148 հոգի [է միացել]», - «Ազատությանը» ասաց Կոմիտասի անվան Պետական կոնսերվատորիայի ուսանողուհի Անի Ղազարյանը:
Ստորագրահավաքին Կոնսերվատորիայի դասախոսներից, ուսանողներից բացի նաև այլ բուհերի դասախոսներ, քաղաքացիներ են միանում։
«Եթե ուշադրություն դարձնեք՝ այս բոլոր սեղանների մոտ ինչքան մարդ է եկել, արդեն երևի հազար հոգի մոտենում ենք», - ասաց Անի Ղազարյանը: Հույս ունեն, որ արդյունք կտա ստորագրահավաքը. - «Իհարկե, մեծ հույսեր ունենք»:
Մինչդեռ Կոմիտասի անվան Պետական կոնսերվատորիայի դասախոս Լիլիթ Մարտիրոսյանը թերահավատ է, թե իրենց նախաձեռնությունը կարող է Կառավարությանը հետ պահել այս մտադրությունից։ Բայց պնդում է՝ այն պետք է իրականություն չդառնա, հակառակ դեպքում, ըստ դասախոսի, խաթարվելու է բուհի բնականոն գործունեությունը։
Մարտիրոսյանը շեշտում է՝ Կոնսերվատորիան իր շրջակայքով արդեն առանձին մշակութային կլաստեր է. - «Օպերային թատրոնն է, հարակից այստեղ տարածքներն են՝ երաժշտական դպրոցներ են տեղակայված, մասնագիտական երաժշտական դպրոցներ՝ մի երկու քայլի վրա, մի փոքր այն կողմ երաժշտական քոլեջ է՝ պետական երաժշտական քոլեջ, մի քիչ այն կողմ Կամերային երաժշտության տունն է, Հայ երաժշտական ընկերությունը, և այլն, և այլն: Այսինքն՝ սա ի սկզբանե մտահղացված է եղել իբրև մշակութային մի կլաստեր, իբրև մշակութային մի դիմագիծ և տեսակ և տեսք և գործընթաց ապահովող կենտրոն»:
Ակադեմիական քաղաքը բաղկացած է լինելու 6 ուղղություններից՝ կրթական, արվեստների, տեխնոլոգիական, դասական, բժշկական և սպայական։ Կոնսերվատորիան տեղափոխելու շուրջ քննարկումներն ակտիվացան, երբ «Ակադեմիական քաղաք» հիմնադրամը բուհերին ուղարկեց ավանի տարածքում ձևավորվող աշխատանքային խմբերի կազմը։ Ըստ այդ փաստաղթի՝ արվեստների կլաստերում Կոնսերվատորիային են միանալու Թատերականը, Գեղարվեստի ակադեմիան ու մի քանի մշակութային կառույցներ։
«Դա կարող է կաթվածի բերել մասնագիտական երաժշտական կրթությունը և կբերի», - վստահ է Լիլիթ Մարտիրոսյանը:
Ակադեմիական քաղաքում այլ բուհերի հետ միավորվելուն դեմ է արտահայտվել նաև Գեղարվեստի ակադեմիայի ռեկտորը։ Արամ Իսաբեկյանը ֆեյսբուքյան գրառման մեջ շեշտել է՝ անհասկանալի է, թե առանց իրենց համաձայնության ինչպես պետք է իրականացվի այս ծրագիրը։
Ակադեմիական քաղաք ստեղծելու անհրաժեշտությունը, ըստ կրթության նախարարության, առաջացել է կրթության, հետազոտության և արդյունաբերության ու ծառայությունների մատուցման ոլորտների միջև կապ ստեղծելու նպատակից ելնելով։
Երբ այն լիարժեք կսկսի գործել՝ դեռ հստակ չէ, կրթության նախարարը նշել էր 2030 թվականը։ Իսկ ավանի կառուցման գլխավոր հատակագիծը կազմած գերմանական ընկերության ներկայացուցիչն էլ օրեր առաջ Հանրայինով լրիվ այլ ժամկետներ նշեց՝ 15-20 տարի։