Մատչելիության հղումներ

ՀԱՊԿ-ը ՀՀ անդամակցությունը կասեցնելու մասին պաշտոնական հայտարարություն Երևանից չի ստացել․ Տասմագամբետով


Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) քարտուղարությունը Հայաստանի անդամակցությունը կասեցնելու մասին պաշտոնական հայտարարություններ Երևանից չի ստացել, ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը։

«Երևանն իսկապես վերջին շրջանում չի մասնակցել ՀԱՊԿ քարտուղարության աշխատանքներին։ Սա Հայաստանի որոշումն է, և մենք, որպես միջազգային կազմակերպություն, հարգում ենք ինքնիշխան պետության ցանկացած որոշում։ Այնուամենայնիվ, կազմակերպության գործունեությունը շարունակվում է ամբողջ ծավալով», - ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը՝ նշելով, որ կառույցում ընդունվող և ընդունված որոշումների մասին քարտուղարությունը պարբերաբար տեղեկացնում է Երևանին։

Չնայած Հայաստանի վերնախավից հնչող մտահոգություններին՝ ՀԱՊԿ-ը «երկրի ղեկավարության քաղաքական սթափության» հույս ունի, ընդգծել է Տասմագամբետովը՝ շեշտելով․ - «Հայաստանը մնում է դաշնակից»։

Ռուսաստանի և ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունները սրվել են հատկապես 2022 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի հարձակումից հետո։ Չնայած Երևանի պահանջներին՝ ՀԱՊԿ-ը մինչև օրս չի դատապարտել դաշինքի անդամ Հայաստանի դեմ այդ հարձակումը և չի արձանագրել, որ Ադրբեջանը Հայաստանից տարածքներ է օկուպացրել։

Երևանն ի պատասխան մերժեց սահմանին ՀԱՊԿ դիտորդներ տեղակայելու առաջարկը, 2024-ին էլ վարչապետ Փաշինյանը հայտարարեց, որ Երևանի անդամակցությունը դաշինքին դե ֆակտո սառեցված է, հնարավոր է՝ սառեցվի նաև դե յուրե, եթե դաշնակիցները չփոխեն իրենց դիրքորոշումը։

XS
SM
MD
LG