Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսն այսօր ասել է, թե պետք է ավարտել Ուկրաինա արևմտյան զորք ուղարկելու թեմայի քննարկումը, փոխանցում է Handelsblatt պարբերականը։
«Իրականում ոչ ոք չի ցանկանում ուժեր տեղակայել Ուկրաինայում: Այժմ այս հարցի շուրջ քննարկումներ են, և մենք պետք է դադարեցնենք դրանք»,- ասել է նախարարը Ֆինլանդիայի մայրաքաղաք Հելսինկիում:
Պիստորիուսը նաև նշել է, թե դեմ է պաշտպանության բնագավառում Եվրահանձնաժողովին նոր լիազորություններ փոխանցելու գաղափարին:
Ավելի վաղ Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը կարծիք է հայտնել, որ արևմտյան երկրները կարող են ապագայում զորքեր ուղարկել Ուկրաինա: Օրեր անց Ֆրանսիայի իշխանությունները պարզաբանել են, որ արևմտյան զորքը չպետք է անմիջականորեն ներգրավվի ռազմական գործողություններում:
Եվրոպական մի շարք պետություններ և Միացյալ Նահանգները մերժել են Ուկրաինա բանակ ուղարկելու գաղափարը:
Ֆրանսիայի ընդդիմադիր կուսակցությունները, որոնք մեծամասնություն են կազմում Ազգային ժողովում, նույնպես քննադատել են Մակրոնին և զգուշացրել, որ նա պետք է խուսափի նմանօրինակ հայտարարություններ հնչեցնելուց: