Մատչելիության հղումներ

Կանայք Հայաստանում երկար ճանապարհ ունեն անցնելու հավասարության հասնելու համար


Վիճակագրությունը հաշվի առնելով՝ կանայք Հայաստանում դեռ երկար ճանապարհ ունեն անցնելու հավասարության հասնելու համար՝ աշխատավարձից մինչև աշխատաժամեր:

«Արմստատ»-ի վերջին տվյալներով՝ կանայք Հայաստանում ավելի շատ ժամեր են աշխատում, քան՝ տղամարդիկ, կանանց միջինը շաբաթական 71 ժամ է, տղամարդկանց միջինը՝ 58. խոսքը և՛ վարձատրվող, և՛ չվարձատրվող աշխատանքի ժամերի մասին է՝ տան գործերից մինչև երեխաների խնամք:

Բայց Հայաստանում ավելի շատ տղամարդիկ ունեն վարձատրվող աշխատանք, քան՝ կանայք: Այս տարբերությունը հատկապես մեծ է 25-34 տարիքային խմբում, որտեղ կանանց միայն 34 տոկոսն աշխատանք ունի, տղամարդկանց՝ 78 տոկոսը:

Ըստ պետական վիճակագրության՝ կանայք խտրականությունից զերծ չեն նաև աշխատավայրում: Գրեթե բոլոր ոլորտներում Հայաստանում տղամարդիկ իրենց գործընկեր կանանցից շատ են վաստակում: Օրինակ՝ առողջապահության ոլորտում տղամարդկանց միջին աշխատավարձը 350 հազար է, կանանց միջին աշխատավարձը՝ 217 հազար, իսկ ամենամեծ տարբերությունը տեղեկատվական տեխնոլոգիաների ու ֆինանսների ոլորտում է:

«Թելսել» ընկերության տաղանդների ներգրավման մասնագետ Անահիտ Բաբայանը, այնուամենայնիվ, պնդում է՝ ո՛չ ֆինանսական, ո՛չ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում նույն որակավորման ու նման հաստիքի կին մասնագետներին խտրական վերաբերմունք ցույց չեն տալիս տարբեր կերպ վարձատրելով, իսկ աշխատավարձերի մեծ տարբերության պատճառն այն է, թե կոնկրետ այդ ոլորտում ինչ են անում կանայք, ինչ՝ տղամարդիկ: Օրինակ՝ ՏՏ ոլորտում ամենաշատը վաստակում են ծրագրավորողները:

«Մենք չունենք էնքան ծրագրավորող կին Հայաստանում, որ կարողանանք պահել բալանս թիմերում», - ընդգծում է HR մասնագետը:

«Թելսել» ընկերության տաղանդների ներգրավման մասնագետ Անահիտ Բաբայանը զրուցում է «Ազատության» հետ, Երևան, 8-ը մարտի, 2024թ.
«Թելսել» ընկերության տաղանդների ներգրավման մասնագետ Անահիտ Բաբայանը զրուցում է «Ազատության» հետ, Երևան, 8-ը մարտի, 2024թ.

Ֆինանսական ոլորտում բարձր են վաստակում ղեկավար պաշտոններ զբաղեցնողները: Հայաստանյան 18 բանկերից միայն մեկի ղեկավարն է կին, այդ բանկն էլ շուտով փակվելու է:

Ինչո՞ւ կանայք չեն հասնում ղեկավար պաշտոնների: Անահիտ Բաբայանը չի բացառում, որ դրա պատճառներից են տան հոգսերն ու մայրությամբ ընթանող կարիերան, ինչպես նաև գործատուի խտրկան վերաբերմունքը. - «Հարցազրույցներին հարցնում են՝ նշանված ես՝ պատրաստվում ես ամուսնանալ, իսկ ամուսնացած ես՝ պատրաստվում ես բալիկ ունենալ, իսկ երկրորդի՞ն երբ ես ունենում՝ նմանատիպ հարցեր, որոնք խիստ մասնագիտական էթիկայի խախտում են առաջին հերթին HR-ի տեսակետից»:

Աշխատաշուկայում, ըստ մասնագետի, վերահսկողությունը քիչ է, օրենքները խիստ չեն, դրանից ամենաշատը տուժում են երեխաներ ու ընտանեկան հոգսեր ունեցող կանայք:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG