Մատչելիության հղումներ

Գրոսսին ժամանել է Սոչի


Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին երեկ երեկոյան ժամանել է Սոչի, հաղորդում է «Նովոստի» գործակալությունը։

«Կոմերսանտ»-ը նշում է, որ Գրոսսին ավելի վաղ հայտարարել էր, որ Ռուսաստան այցի ընթացքում ցանկանում է հանդիպել նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, սակայն, ըստ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի, նման հանդիպում նախատեսված չէ։

Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան երեկ թեև չէր նշել Գրոսսիի այցի օրը, սակայն նշել էր, որ ԱԷՄԳ-ի գլխավոր տնօրենը բարձր մակարդակի հանդիպումներ կունենա, նախատեսվում են նաև աշխատանքային խորհրդակցություններ Զապորոժիեի ԱԷԿ-ի անվտանգության վերաբերյալ։

Ավելի վաղ Գրոսսին էր տեղեկացրել, որ մոտ օրերս ծրագրում է այցելել Ուկրաինա և Ռուսաստան՝ կարևորելով Մոսկվայի և Կիևի հետ երկխոսության պահպանումը՝ չհստակեցնելով, թե ինչ ակնկալիքներ ունի Ռուսաստան այցից։

Զապորոժիեի ԱԷԿ-ն ամենախոշորն է Եվրոպայում և ունի վեց ռեակտոր: Ատոմակայանը գտնվում է ռուսական բանակի հսկողության տակ, սակայն աշխատող անձնակազմն ուկրաինացիներ են։

Ռաֆայել Գրոսսին Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից ի վեր երեք անգամ այցելել է Զապորոժիայի ատոմակայան՝ ԱԷԿ-ի շուրջ ստեղծված իրավիճակը որակելով ծայրահեղ անկայուն։

Անցած դեկտեմբերին «Ռոսատոմ»-ը և ԱԷՄԳ-ը պայմանավորվել են ատոմակայանի իրավիճակի շուրջ 2024-ի սկզբին խորհրդակցություններ անցկացնել։

XS
SM
MD
LG