«Բուն խնդիրը, որն Ադրբեջանը փորձում է ամեն գնով լուծել, կուզեք՝ դա միջանցքի հարց համարեք, կոմունիկացիայի հարց անվանեք, Նախիջևանը Ադրբեջանի հետ կապող միջանցքի ստեղծման խնդիրն է», - «Ազատության» հետ զրույցում կարծիք հայտնեց Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Լևոն Զուրաբյանը։
Ստորև ներկայացնում ենք հատված հարցազրույցից.
«Ազատություն». - Խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները վերսկսվել են, և երկօրյա այդ հանդիպման արդյունքով ասվել է, որ կշարունակվեն քննարկումները բաց հարցերի շուրջ։ Դուք ո՞րը կանվանեիք այդ գլխավոր առանցքային բաց հարցը, որի վերաբերյալ չկա համաձայնություն։
Լևոն Զուրաբյան. - Մենք գիտենք չէ՞, որ բազմաթիվ հարցեր են մտնում՝ Սահմանադրություն փոխել, Անկախության հռչակագիր, անկլավներ, հազար ու մի բան, բայց ինձ համար միանշանակ է, որ այդ բոլորն իրականում դիվանագիտական ճնշում պահպանելու և միջազգային համայնքի աչքերում իբր թե լեգիտիմ շահեր ներկայացնելու շղարշի տակ է արվում։
Իրականում բուն փորացավը և բուն խնդիրը, որն Ադրբեջանը փորձում է ամեն գնով լուծել, կուզեք՝ դա միջանցքի հարց համարեք, կոմունիկացիայի հարց անվանեք, դա Նախիջևանը Ադրբեջանի հետ կապող միջանցքի ստեղծման խնդիրն է։ Ու երբ Նիկոլ Փաշինյանն ասում է, որ մեր դիմաց կանգնած է երկու ցուլ, մենք պիտի կարմիր շորը մեր վրայից հագնենք, ինքն իրականում ոչ թե կարմիր, այլ վարդագույն պատկեր է ներկայացնում, որովհետև մեր դիմացը կանգնած է երկու գայլ, որ ուզում են իրականում ոչ թե որ մենք մեր շորը հանենք, այլ ուզում են մեր որդն ուտել, հոշոտել, որովհետև նրանց պետք է այդ միջանցքը՝ առանց որևէ ստուգումների, առանց վճարների, ոնց որ մենք Ադրբեջանի ներսում ենք գնում, այսինքն՝ իրենք պահանջում են, այո, մեր ինքնիշխանության որոշակի սահմանափակում։
Ինչ-որ իմաստով այն ժամանակ, երբ նոյեմբերի 9-ի հայտարարությունը ստորագրվեց, դա կարելի էր համարել ինչ-որ չափով պատճառաբանված գոնե, որովհետև այո, մենք պետք է գնայինք մեր ինքնիշխանության որոշակի սահմանափակման, որովհետև խոսք էր գնում ռուսական սահմանապահ զորքերի վերահսկողության մասին, բայց կար Լաչինի նկատմամբ ռուսների անվիճարկելի… և Արցախի։ Այսինքն՝ տրամաբանություն կար, որ երկու պետություն փոխադարձ գնում էին իրենց ինքնիշխանության սահմանափակման։ Շարունակում են պնդել և՛ Ռուսաստանը, և՛ Ադրբեջանը, որ Հայաստանը պետք է կատարի այդ պահանջը, եթե խաղաղությունը պիտի ստորագրվի։
Այս ստեղծված վիճակն իրենց մեղավորությունն է, բայց հիմա ստեղծվել է, նորից տրամաբանություն պետք է լինի։ Եթե գաղափարն այն է, որ ադրբեջանցիք ասում են, որ մենք պետք է կարողանանք մեր երկրից մեր երկիր գնալ անխոչընդոտ, ուրեմն այս սկզբունքը պիտի տարածվի նաև Հայաստանի վրա, դա նշանակում է, որ պիտի առնվազն նույն սկզբունքներով մենք կարողանանք, օրինակ, Երևանից գնալ Մեղրի։ Այդ դեպքում ամեն ինչ տրամաբանական է դառնում, այսինքն՝ մենք նորից վերականգնում ենք ինչ-որ սիմետրիա։