Մատչելիության հղումներ

Մյունխենում կայացավ Հայաստանի վարչապետի ու Ադրբեջանի նախագահի հանդիպումը՝ Օլաֆ Շոլցի միջնորդությամբ


Ավելի քան կես տարվա դադարից հետո այսօր գերմանական Մյունխենում կանցլեր Օլաֆ Շոլցի միջնորդությամբ բանակցեցին Հայաստանի վարչապետն ու Ադրբեջանի նախագահը: Արևմտյան հարթակում Փաշինյանն ու Ալիևը վերջին անգամ հանդիպել էին անցած տարվա հուլիսին:

Շաբաթասկզբի սահմանային լարվածությանը հաջորդած եռակողմ բանակցությունները տևեցին մոտ 45 րոպե, որից հետո պաշտոնական Երևանը հաղորդեց՝ առաջնորդները քննարկել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորումը, տարածաշրջանում խաղաղության ու կայունության ապահովման քայլերը և որ կողմերը պայմանավորվել են շարունակել աշխատանքները խաղաղության պայմանագրի շուրջ: Այլ մանրամասներ Երևանը չի հայտնում։

Ադրբեջանական լրատվամիջոցները մինչդեռ Փաշինյան- Ալիև երկկողմ բանակցությունների մասին են հաղորդում: Ըստ պետական APA գործակալության՝ եռակողմից հետո Գերմանիայի կանցլերը բանակցությունների սրահում մենակ է թողել երկու առաջնորդներին ու նրանց պատվիրակություններին։

Ուղիղ բանակցություններից, սակայն, ո՛չ լուսանկար, ո՛չ տեսանյութ չհրապարակվեց, ընդ որում, ըստ ադրբեջանական աղբյուրների, այս հանդիպումը տևեց մոտ տասը րոպե։

APA-ի փոխանցմամբ՝ հենց երկկողմ բանակցությունների ընթացքում են Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները իրենց արտգործնախարարներին հանձնարարել շարունակել խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները։ Արարատ Միրզոյանին և Ջեյհուն Բայրամովին նաև հանձնարարվել է շարունակել սահմանազատման շուրջ աշխատանքը:

Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարներին հյուրընկալած Գերմանիայի կանցլեր Շոլցն, իր հերթին, X-ում գրել է, որ կողմերը պայմանավորվել են հարցերը լուծել առանց նոր բռնությունների:

«Գերմանիան և Եվրոպան պատրաստ են իրենց հնարավորությունների սահմաններում աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին։ Ես դա հաստատել եմ երկու երկրների հետ քննարկումներում», - նշել է Շոլցը:

Անցած տարվա հոկտեմբերին Գրանադայում Ալիևի բացակայությամբ տեղի ունեցած քառակողմ հանդիպմանը ևս կոչ էր արվել կողմերին խստորեն պահպանել ուժի և ուժի սպառնալիքի չկիրառման սկզբունքը: Մինչդեռ անցած շաբաթ հայ-ադրբեջանական սահմանային լարվածության պատճառով հայկական կողմը 4 զոհ ունեցավ:

Գերմանիայի կանցլերը մինչ եռակողմ բանակցությունները առանձին հանդիպեց Փաշինյանին և Ալիևին, սակայն կողմերի տարածած հաղորդագրություններում սահմանային վերջին լարվածությանն անդրադարձ չկար։

«Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա է լարվածության նոր փուլ». Փաշինյանը՝ Բլինքենին

Թեման վարչապետ Փաշինյանը քննարկել է Մյունխենում գտնվող ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ:

«Դժբախտաբար, այս պահին Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա է լարվածության նոր փուլ, վերջերս տեղի ունեցավ լարվածության նոր աճ, որը պատճառ դարձավ մեծ կորուստների։ Հայ դիրքապահներ սպանվեցին Ադրբեջանի հետ սահմանին։ Ես կցանկանայի այս իրավիճակը ևս քննարկել Ձեզ հետ», - նշել է վարչապետը:

Հրապարակված կարճ տեսանյութում պետքարտուղար Բլինքենը սրան որևէ կերպ չարձագանքեց, իսկ ավելի ուշ X-ում գրեց, թե վարչապետ Փաշինյանի հետ արդյունավետ զրույց են ունեցել, քննարկել՝ ինչպես կարող են աջակցել Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին:

«Հայաստանը շատ արժեքավոր գործընկեր է Միացյալ Նահանգների համար, և մենք ողջունում ու գնահատում ենք նրա՝ արժանապատիվ և ամուր խաղաղության հանդեպ հանձնառությունը։ Քննարկելով և աշխատելով դրա վրա՝ մենք նաև աշխատում ենք ուժեղացնել մեր երկրների միջև հարաբերությունները տարբեր ուղղություններով», - նշել է նա։

Անցած տարեվերջին Միացյալ Նահանգների միջնորդությունը մերժած Ադրբեջանի նախագահը ևս հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի հետ: Իսկ արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի և պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ՛Բրայենի հանդիպմանը ադրբեջանական կողմը կրկին խոսել է Հայաստանի Սահմանադրության, օրենսդրական ակտերի, միջազգային կազմակերպություններում և դատարաններում, Բաքվի ձևակերպմամբ, Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության դեմ շարունակվող պահանջներից և ընդգծել դրանցից հրաժարվելու կարևորությունը:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG