Մատչելիության հղումներ

Սահմանադրական հանրաքվեի հետ պետք է նաև արտահերթ ընտրություններ անցկացվեն. Արամ Սարգսյան


«Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանի համոզմամբ՝ Սահմանադրական հանրաքվեի հետ միաժամանակ պետք է անցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ Ավելին, Սարգսյանը, որ պարբերաբար հանդիպում է վարչապետին, պնդում է՝ նման ազդակներ ստացել է հենց իշխանությունից:

«Ես համոզված եմ, որ Նիկոլ Փաշինյանն ինքն էլ է այդպես տեսնում: Սահմանադրության հանրաքվեն եթե դնում ես, հույս ունես, որ «այո» ես ստանալու, եթե «ոչ» ես ստանալու, էդ քո իշխանությունը թուլացնելու է: Եթե ուզում ես Սահմանադրությունը «այո» ստանա, գոնե 800 հազարից 1 միլիոն մարդ պիտի ընտրության գա, որ դրանից 630 հազարը «այո» ասի, «ոչ» ասողներ էլ կլինեն: Ո՞ր պարագայում է, որ 1 միլիոն մարդ կգա ընտրության, երբ որ խորհրդարանական, պետական իշխանության, անհատի, իմ, քո ընտրություն կա», - նշեց Սարգսյանը:

Հակառակ դեպքում, ըստ Արամ Սարգսյանի, Սահմանադրական հանրաքվեն կտապալվի՝ ընտրողների պասիվության պատճառով. - «Ինչքան ես եմ տեսնում իշխանության տրամադրությունները, իշխանությունները հանրաքվեի կգնան ամենաուշը այս տարի աշնանը: Իմ համար միանշանակ է, որ դա կլինի նաև արտահերթ խորհրդարանական ընտրությունների հետ միասին»:

Մինչդեռ իշխանությունները հերքում են, թե արտահերթ ընտրությունների օրակարգ կա։ Ըստ «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավոր Վահագն Ալեքսանյանի՝ օրերս կուսակցական նիստում հենց վարչապետն է ժխտել, թե պատրաստվում են արտահերթ ընտրությունների:

«Իջևանի նիստում, մասնավորապես, վարչապետն անդրադարձավ այդ թեմային ու ասաց, որ նման բան չի նախատեսում, և, այո, արտահերթ ընտրություններ չեն նախատեսվում: Մենք արտահերթ ընտրությունների անհրաժեշտություն չեն տեսնում», - ընդգծեց Ալեքսանյանը:

«Քաղաքացիական պայմանագրից» Վաղարշակ Հակոբյանն էլ հավելում է՝ անգամ հանրաքվե անցկացնելու որոշում չկա, ընդամենը քննարկում է:

«Արտահերթ ընտրությունների օրակարգ չկա, քաղաքական դաշտում ոչ միայն այդ պահանջը չկա, նաև հասարակության մեջ այդ պահանջը չկա: Եվ որևէ ժամկետ, որևէ քննարկում, թե սահմանադրական փոփոխությունները երբ պետք է լինեն, էդպիսի բան չկա: Սա ընդամենը խոսակցություն է», - ասաց Հակոբյանը:

Արդյո՞ք «Քաղաքացիական պայմանագիրը» չի տապալել 2021-ի նախընտրական ծրագրի առնվազն արտաքին քաղաքականության մասը, երբ խոստանում էր Արցախի անջատում հանուն փրկության, Շուշիի և Հադրութի դեօկուպացիա ու արդյոք դա հիմք չէ ընտրողից նորից քվե խնդրելու համար:

«Ինչքանով է դա մեզ մոտ ստացվում, դա կգնահատի քաղաքացին, կգնահատի ընտրողը, երբ լինեն ընտրություններ», - նշեց Վաղարշակ Հակոբյանը:

Խորհրդարանական ընդդիմությունը՝ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները Սահմանադրական հանրաքվեի օրակարգն են մերժում՝ Փաշինյանի հեռացումն ու առանց նրա նոր ընտրությունները հռչակելով հիմնական նպատակ։

XS
SM
MD
LG