Մատչելիության հղումներ

Վարչապետը հայտարարել է՝ անհանգստացած է Սետրակովի հետ տեղի ունեցածից և հիմա հետաքննություն է անցկացվում


Ռուսաստանի քաղաքացի Դմիտի Սետրակովը, արխիվ
Ռուսաստանի քաղաքացի Դմիտի Սետրակովը, արխիվ

Վարչապետ Փաշինյանը ֆրանսիական հեռուստաալիքի եթերում հայտարարել է, որ անհանգստացած է Ռուսաստանի քաղաքացի Դմիտի Սետրակովի հետ տեղի ունեցածից, և որ հիմա հետաքննություն է անցկացվում՝ պարզելու մանրամասները։

Ի՞նչ հետաքննության մասին է խոսքը, դատախազությունը չի պարզաբանում։

Ռուսաստանի 39-ամյա քաղաքացին Հայաստան էր փախել՝ հրաժարվելով պատերազմել Ուկրաինայի դեմ: Նրան այստեղ դեկտեմբերին բռնեցին Գյումրիի ռուսական ռազմաբազայի ոստիկանները, ու չնայած հայաստանցի իրավապաշտպանների ահազանգերին ու հայ իրավապահներին ուղղված դիմումներին, մի քանի օր անց Սետրակովը տեղափոխվեց Ռուսաստան ու կալանավորվեց։

Իրավապաշտպաններն ասում էին, որ ռուսական ռազմաբազայի ներկայացուցիչներն իրավունք չունեին Հայաստանում ձերբակալություն իրականացնելու, ավելին՝ դատախազությունը պետք է կանխեր արտահանձնումը։

Փաշինյանը երեկ ֆրանսիացի լրագրողի հարցին, թե Հայաստանում ապաստանած ռուս տղամարդը ինչպե՞ս հայտնվեց ռուսական բանտում, միայն պատասխանել էր. - «Դեպքի վերաբերյալ ահազանգ է եղել, հետաքննություն ենք անում, և եթե պարզվի, որ ամեն ինչ այնպես է, ինչպես դուք եք ասում, դա, իհարկե, որոշակի հետևանքի պիտի բերի, որովհետև մեր երկրի տարածքում ապօրինի գործողություն է, և մենք չենք կարող հանդուրժել»։

Հայտնի է, սակայն, որ դատախազությունը մերժել է քրեական գործ հարուցելու իրավապաշատպան Արթուր Սաքունցի դիմումը։ Օրերս Դատախազությունից «Ազատությանը» պարզաբանել էին՝ գործ չեն հարուցել, որովհետև այս պատմության մեջ Քրեական օրենսգրքի խախտում չեն գտել։

«Քննություն իրականացնելու միայն մի ձև կա և դա քրեական վարույթ նախաձեռնելն է, քրեական վարույթ նախաձեռնված չէ, հետևաբար որևիցե քննություն չկա: Ես չգիտեմ՝ ով ինչ է հետաքննում, եթե քրեական վարույթ նախաձեռնված չի: Կա՛մ վարչապետը խոսում է քրեադատավարական օրենսգրքով չնախատեսված ինչ-որ հետաքննությունների մասին, կա՛մ ուղղակի վարչապետն ու Գլխավոր դատախազությունն իրար հակասում են», - նշեց իրավապաշտպան Դանիել Իոաննիսյանը:

Իրավապաշտպանը տարակուսում է՝ ի՞նչ քննության մասին է խոսում վարչապետը, եթե չկա քրեական գործ։

«Գլխավոր դատախազությունն էլ, բնականաբար, ոչ առանց քաղաքական իշխանությունների հետ համաձայնեցնելու չի քննում, որովհետև հասկանում են, որ եթե քննեն, ռուսների հետ լուրջ պրոբլեմներ են ունենալու: Գնալու են մտնեն ռազմաբազա այդ անձանց ձերբակալեն, ուղղակի փոխհրաձգությունն առնվազն պատրաստ է էլի, ինձ թվում է՝ Գլխավոր դատախազության մոտեցման տակ դրված է այն, որ իշխանությունները չեն ուզում ուղիղ առճակատման գնալ ռուսական ուժայիններին», - ասաց Իոաննիսյանը:

Մինչդեռ ֆրանսիական լրատվամիջոցի հարցին, թե ի՞նչ հետևանքներ կունենա քննությունը, վարչապետ Փաշինյանը պատասխանել է՝ դա կախված կլինի իրադարձությունների վերաբերյալ իրավական գնահատականից։

«Ինքը ուզում էր ասել, որ մեզ մեկ չի, բայց մյուս կողմից չէր կարող ասել՝ որ մենք չենք կարող իրեն ձերբակալել», - նշեց Դանիել Իոաննիսյանը:

Իոաննիսյանը ենթադրություններ ունի, թե ինչը կարող է լինել դատախազության և Փաշինյանի իրարամերժ հայտարարությունների պատճառը. - «Վարչապետը չէր կարող ասել, որ գիտեք, մենք դեռևս չենք հասել անկախության այն մակարդակին, որ Հայաստանի տարածքում հանցագործություն գործած Ռուսաստանի ուժայիններին կարողանանք բռնենք և պատասխանատվության ենթարկենք։ Սա է տխուր իրականությունը, որը Հայաստանի վարչապետը փորձել է թաքցնել»։

Իրավապաշտպանները մտահոգված են՝ եթե ռուսական ռազմաբազայի ծառայողները չենթարկվեն պատասխանատվության, ապա սա կարող է անընդհատ կրկնվել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG