Մատչելիության հղումներ

Դատախազությունն ընթացք է տվել ռուսական բազայի դեմ դիմումին


Գլխավոր դատախազությունն ընթացք է տվել Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի դիմումին, որով իրավապաշտպան կազմակերպությունն ահազանգել էր ռուսական 102-րդ ռազմաբազայի անօրինականության մասին։

«Աննախադեպ հանցագործություն է, որովհետև օրը ցերեկով մարդ է առևանգվում, զրկվում ազատությունից, պահվում անազատության մեջ արդեն 5 օր շարունակ՝ օրենքի խախտմամբ ու դրա իրավասությունը չունեցող անձանց կողմից», - ասաց փաստաբան Անի Զատինյանը:

Դեռևս պարզ չէ՝ դատախազությունը քրեական գործ կհարուցի, թե՝ ոչ՝ պարզելու՝ ինչո՞ւ են ռուսական ռազմաբազայի զինծառայողները հենց փողոցից ձերբակալել Գյումրիում բնակվող Ռուսաստանի քաղաքացուն։ Այս պահին իրավապահները զբաղված են դիմումի հետ կապված տեխնիկական հարցերով։ Դրանից հետո միայն որոշում կկայացվի քննության մասին։

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակն անցած շաբաթ ահազանգել էր, որ Ուկրաինայի դեմ պատերազմելուց հրաժարված ու Գյումրի տեղափոխված Ռուսաստանի քաղաքացի Դմիտրի Սեդրակովին ռազմական ոստիկանության աշխատակիցները ձերբակալել ու տարել են ռազմաբազայի տարածք. սա այն դեպքում, երբ Հայաստանում այս գործառույթն իրականացնում են բացառապես հայաստանյան իրավապահները՝ այն էլ ռուսական կողմի դիմումի դեպքում։

Սեդրակովն, ըստ հայաստանցի իրավապաշտպաններ, Ռուսաստանում պայմանագրային զինծառայող է եղել, սակայն Ռուսաստանի Ուկրաինա ներխուժումից հետո հրաժարվել է ծառայությունից ու տեղափոխվել Հայաստան։ Նա այժմ մեղադրվում է զորամասն ինքնակամ լքելու համար։

Իրավապաշտպան կազմակերպությունը դիմել է ՄԻԵԴ

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի փաստաբան Անի Չատինյանն ասաց՝ այսօր դիմել են նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ), տեղեկացրել են, որ Ռուսաստանի քաղաքացին արդեն 5 օր է անօրինական զրկված է ազատությունից և պահվում է ռազմաբազայում, որը Հայաստանում ազատազրկման վայր չէ, և վերջապես, կա նրա արտահանձնման վտանգ։ Հետևաբար, Ստրասբուրգի դատարանից խնդրել են հրատապ միջոց կիրառել և պարտավորեցնել Հայաստանին չարտահանձնել Սեդրակովին Ռուսաստան։

«Հնարավոր էքստրադիցիան կանխելու, Հայաստանի Հանրապետության իշխանությունների վերահսկողությանը, մասնավորապես, իրավապահ մարմիններին հանձնելու խնդրանքով, քանի որ երկու դեպքում էլ անձը ուղղակիորեն կա իրական մեծ վտանգ, որ կենթարկվի անմարդկային, արժանապատվությունը նսեմացնող վերաբերմունքի», - ասաց փաստաբանը:

«Իրազեկ քաղաքացիների միավորման» ղեկավար Դանիել Իոաննիսյանն, իր հերթին, վկայակոչում է դեռ 1997-ին Ռուսաստանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագիրը, որով կարգավորվում է Հայաստանում ռուսական ռազմաբազայի գործունեությունը։ Ըստ այդմ, ռազմաբազան ինքը կարող է ձերբակալել միմիայն իր զինծառայողներին, այն էլ կան որոշակի վերապահումներ։ Իսկ Սեդրակովը ռազմաբազայի ծառայող չէ։

«Ռազմաբազայի 5-րդ հոդվածը, իմ վկայակոչած պայմանագրի, ասում է, որ ռազմաբազայի զինծառայողների կողմից կատարված հանցագործությունները որոշ դեպքերում, ոչ բոլոր դեպքերում, Ռուսաստանի Դաշնության իրավասության տակ են, մնացած բոլոր դեպքերը Հայաստանի իրավասության տակ են, իսկ այս դեպքն ընդհանրապես որևիցե կապ չունի իրանց իրավասության հետ», - ընդգծեց Իոաննիսյանը:

Ռուսական 102-րդ ռազմաբազայից կատարվածի վերաբերյալ մեկնաբանություն «Ազատությանը» մի քանի օր է չի հաջողվում ստանալ։ Հինգ տարի առաջ, երբ ռուսական բազայում ռազմական ոստիկաններ տեղակայվեցին, ռուսական կողմը վստահեցնում էր, որ նպատակը բացառապես զորամասերի ներսում զինվորականների ներքին կարգապահությանը հետևելն է։ Նրանք Հայաստանի տարածքում չպետք է մարդ ձերբակալեն ու պատասխանատվության ենթարկեն, ընդգծում են իրավապաշտպանները։

XS
SM
MD
LG