Մատչելիության հղումներ

Խաղաղության պայմանագրի երեք սկզբունքային հարցերի շուրջ համաձայնություն դեռ չկա. ԱԳ փոխնախարար


Բաքվից խաղաղության պայմանագրի նախագծի վերջին տարբերակը ստանալուց հետո Երևանը հայտարարում է՝ երեք սկզբունքային հարցերի շուրջ համաձայնություն դեռ չկա: Սեփական առաջարկները հայկական կողմը Բաքվին էր փոխանցել հունվարի 4-ին, իսկ ադրբեջանականը ստացվել է մոտ մեկուկես ամիս անց, այսօր ասաց փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը:

«Այս պահին կարող ենք արձանագրել, որ չկա համաձայնություն դեռևս նշված հարցերի վերաբերյալ: Հույս ունենք, որ նախարարների հանդիպում տեղի կունենա, որտեղ բոլոր հարցերը կքննարկվեն», - ասաց նա։

Պրահայի, ապա Բրյուսելի հանդիպումներից հետո հայտարարվել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը՝ հենվելով Ալմա-Աթիի հռչակագրի վրա, տարածաշրջանային ենթակառուցվածքներն էլ բացվում են երկրների իրավազորության, ինքնիշխանության, փոխադարձության և հավասարության հարգմամբ:

Միաժամանակ Ալիևը հրաժարվում է սահմանազատման համար հիմք ընդունել որևէ թվականի քարտեզ, պահանջում է անխոչընդոտ անցում Սյունիքով Նախիջևան և մինչ օրս հրապարակավ երբևէ հստակ չի հայտարարել կոնկրետ մակերեսով Հայաստանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու մասին:


Փոխարտգործնախարարն այսօր նշեց՝ արտգործնախարարներ Միրզոյան-Բայրամով առաջիկա հանդիպման օրակարգում հենց այս հարցերի համաձայնեցումն է:
«Մեզ անհրաժեշտ է հանդիպումներից և քննարկումներից ի վերջո անցնել ավելի պրակտիկ գործողությունների և այն պայմանավորվածությունները, որոնք վերջին երկու-երեք տարիների ընթացքում ձեռք են բերվել, մասնավորապես երեք սկզբունքների շուրջ, ի վերջո փաստաթղթային արձանագրում տալ դրան», - նշեց նա։

Տարեվերջին իշխանության կողմից լավատեսական կանխատեսումներ էին հնչում, թե խաղաղությունը երբեք այսքան մոտ չի եղել, այդ դեպքում ի՞նչն է խանգարում առաջընթացին, փոխնախարարը դժվարացավ ասել, բայց պնդեց՝ Երևանը շարունակելու է աշխատել հարաբերությունների կարգավորման ուղղությամբ:

Արդյոք նույն պատրաստակամությունը կա ադրբեջանական կողմում՝ Վահան Կոստանյանն ի պատասխան հիշեցրեց մյունխենյան բանակցությունները, որտեղ, ըստ վարչապետի, Ալիևը վերահաստատել է հավատարմությունը նախկինում ձեռք բերված պայմանավորվածություններին: Դրանից բացի, ի՞նչ նոր պայմանավորվածություն է ձեռք բերվել Մյունխենում, որը, ըստ Փաշինյանի, թույլ կտա խուսափել սահմանային միջադեպերից:

«Ամենակարևոր պայմանավորվածությունները, որ այս տարիների ընթացքում մի քանի անգամ թերևս ձեռք է բերվել, բայց ցավալիորեն մենք խախտումներ ենք տեսել, դա ուժի կիրառման բացառումն է, որը ՄԱԿ կանոնադրության հիմնարար սկզբունքներից մեկն է», - շեշտեց նա։

Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների առաջիկա հանդիպման պայմանավորվածությունը ևս ձեռք էր բերվել Մյունխենում: Օրն ու վայրը, սակայն, դեռ համաձայնեցվում է, ասաց փոխնախարար Կոստանյանը՝ չհստակեցնելով՝ բանակցությունները կլինեն ուղիղ, ինչպես սահմանազատման հանձնաժողովների դեպքում, թե որևէ երկրի միջնորդությամբ:

«Այս պահին ընթանում են քննարկումներ ժամկետների և վայրերի մասին։ Երբ կլինի վերջնական պայմանավորվածություն, բնականաբար տեղյակ կպահենք հանրությանը», - ասաց փոխարտգործնախարարը։

Ի դեպ, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը երեկ ասել էր, թե քննարկվում է նաև առաջնորդների մակարդակով հանդիպման հնարավորությունը, սակայն վերջնական որոշում չկա:

XS
SM
MD
LG