Մատչելիության հղումներ

Իրանը հունվարից Ռուսաստանին հարյուրավոր բալիստիկ հրթիռներ է մատակարարում․ Reuters


Իրանի ռազմաօդային ուժերի հրամանատար Ամիր Հաջիզադեն, Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին և պաշտպանության նախարար Մոհամմադ Ռեզա Աշտիանին, օգոստոս, 2023թ․
Իրանի ռազմաօդային ուժերի հրամանատար Ամիր Հաջիզադեն, Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին և պաշտպանության նախարար Մոհամմադ Ռեզա Աշտիանին, օգոստոս, 2023թ․

Իրանը տարեսկզբից Ռուսաստանին է տրամադրել ավելի քան 400 բալիստիկ հրթիռներ, Reuters-ին հայտնել են Իրանի ռազմական շրջանակների վեց աղբյուրներ։

Խոսքը Fateh-110-ի մասին է։ Այս հրթիռները կարող են խոցել 300-ից 700 կիլոմետր հեռավորության վրա գտնվող թիրախները։

Ըստ աղբյուրների՝ Ռուսաստան հրթիռների մատակարարումները սկսվել են հունվարի սկզբից՝ անցյալ տարեվերջին Մոսկվայում և Թեհրանում Ռուսաստանի և Իրանի ռազմական և անվտանգության ծառայությունների ներկայացուցիչների հանդիպումներից անմիջապես հետո:

Որոշ հրթիռներ Իրանից Ռուսաստան տեղափոխվում են նավով՝ Կասպից ծովով, մյուսները՝ ինքնաթիռով։

«Առաքումները կշարունակվեն: Թաքցնելու պատճառ չկա: Մենք իրավունք ունենք զենք մատակարարել այն երկրին, որին ցանկանում ենք», - Reuters-ին ասել է իրանցի անանուն բարձրաստիճան պաշտոնյան։

Իրանի և Ռուսաստանի ռազմական գերատեսչությունները Reuters-ի պաշտոնական հարցումներին չեն պատասխանել։

Անցած տարվա դեկտեմբերի սկզբին Ռուսաստանի և Իրանի արտգործնարարներ Սերգեյ Լավրովն ու Հոսեյն Աբդոլլահյանը պատժամիջոցների բացասական հետևանքներին հակազդելու մասին համաձայնագիր ստորագրեցին։ Լավրովն այդ օրը հայտարարեց, որ փաստաթուղթը կամրապնդի երկու երկրների միջև փոխգործակցությունը «անօրինական» սահմանափակումների դեմ պայքարում, «որոնք ԱՄՆ-ն և նրա դաշնակիցները փոխարինում են դիվանագիտությանը»։

XS
SM
MD
LG