Եվրամիությունը երկարաձգեց Ուկրաինայի հարցով Ռուսաստանի դեմ սահմանած պատժամիջոցների ժամկետը մինչև 2025 թվականի փետրվարի 24-ը։
Ըստ ԵՄ-ի՝ քանի դեռ Ռուսաստանը ուժ է կիրառում Ուկրաինայի նկատմամբ՝ լրջորեն խախտելով միջազգային իրավունքը, «նպատակահարմար է ուժի մեջ թողնել Միության սահմանած բոլոր միջոցները՝ անհրաժեշտության դեպքում ձեռնարկելով լրացուցիչ միջոցներ»:
Ի պատասխան 2022-ի փետրվարին Ուկրաինա լայնամասշտաբ ներխուժման՝ Եվրամիությունը պատժամիջոցներ սահմանեց Ռուսաստանի դեմ։ Դրանք ընդլայնվեցին, երբ Ռուսաստանը հայտարարեց ուկրաինական Դոնեցկի, Խերսոնի, Լուգանսկի և Զապորոժիեի շրջանների բռնակցման մասին։
2023-ի դեկտեմբերին Եվրոպական խորհուրդը կրկին դատապարտեց Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիան՝ շեշտելով Միության աջակցությունը «Ուկրաինայի անկախությանը, ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը»։
Եվրամիությունը մինչ օրս Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 12 փաթեթ է հաստատել, որոնք սահմանափակում են Ռուսաստանի հետ առևտուրը և քաղաքական էլիտայի գործունեությունը: Եվրամիությունը նաև կարծում է, որ «պատժամիջոցները զրկում են ռուսական բանակին և նրա մատակարարներին Ուկրաինայի ինքնիշխան տարածքում պատերազմ մղելու համար անհրաժեշտ ապրանքներ և սարքավորումներ ձեռք բերելուց»։ Այժմ ԵՄ-ն քննարկում է պատժամիջոցների 13-րդ փաթեթը։