Մատչելիության հղումներ

Հաշտության համաձայնություն Տավուշի նախկին մարզպետի հետ. պետությանը կփոխանցվի 1,5 մլն դոլար


Հովիկ Աբովյանը (ձախից) Տավուշի մարզպետի պաշտոնում, 2017թ.
Հովիկ Աբովյանը (ձախից) Տավուշի մարզպետի պաշտոնում, 2017թ.

Գլխավոր դատախազությունը ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործառույթի շրջանակում այսօր հաշտության համաձայնություն է կնքել Տավուշի նախկին մարզպետ Հովիկ Աբովյանի և նրան փոխկապակցված անձանց հետ: Ըստ այդմ՝ Հայաստանի սեփականությանը կփոխանցվի 1.5 միլիոն դոլար, հաղորդում է Դատախազության հանրային կապերի բաժինը:

2021 թվականի հուլիսի 31-ին Տավուշի նախկին մարզպետը ներգրավվել էր որպես մեղադրյալ՝ «հայտարարագրում կեղծ տվյալ ներկայացնելու կամ հայտարարագրման ենթակա տվյալը թաքցնելու, որը հանգեցրել է առանձնապես խոշոր չափերով գույքի կամ եկամտի չհայտարարագրմանը», հատկանիշներով:

Հովիկ Աբովյանին պատկանող գույքի առնչությամբ 2021-ի օգոստոսի 16-ին Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում սկսվել էր ուսումնասիրություն։ Դրա արդյունքում՝ 2023 թվականի հունվարի 23–ին Հակակոռուպցիոն դատարան էր ներկայացվել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջով հայցադիմում:

2024-ի հունվարի 22-ին Հովիկ Աբովյանի և նրան փոխկապակցված անձանց կողմից Գլխավոր դատախազություն է ներկայացվել գործի քննությունը հաշտությամբ ավարտելու վերաբերյալ դիմում, որով նրանք պատրաստակամություն են հայտնել Հայաստանի սեփականությանը փոխանցել 608 մլն 634 հազար դրամ, ինչը կազմում է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջով դատարան ներկայացված հայցադիմումի արժեքի 75.84 տոկոսը:

Դիմումի հիման վրա Գլխավոր դատախազության և Հովիկ Աբովյանի, նրան փոխկապակցված անձանց միջև այսօր կնքվել է հաշտության համաձայնություն, որը նույն օրը ներկայացվել է Հակակոռուպցիոն դատարան՝ օրենքով սահմանված կարգով հաստատելու նպատակով։ Հաշտության համաձայնությունը դատարանի կողմից ենթակա է հաստատման մեկամսյա ժամկետում։

XS
SM
MD
LG