Մատչելիության հղումներ

«Ամիսը 1000 դոլար փող եմ ստանում». Հնդկաստանից Հայաստան՝ աշխատանքի


Դենոմն արդեն մի քանի ամիս է Հնդկաստանում մնացած հայրենակիցներին Հայաստան է հրավիրում. սոցցանցերում ակտիվ գովազդում է տեղական աշխատուշական ու պնդում՝ գործ կգտնվի բոլորի համար՝ առաքիչից մինչև ավտոմեխանիկ:

Մաշուկուրը այս տարբերակներից առաքումներն է նախընտրել, մեծ պայուսակը մեջքին ոտքով թաղից թաղ է պտտվում, պատվերները տեղ հասցնում. - «1200-1300 հնդկական փող եմ ստանում օրը՝ 6000 հազար դրամ»:

Երիտասարդն այս աշխատանքն ուսման հետ է համատեղում:

Վերջին տարիներին Հնդկաստանից քաղաքացիների հոսքը Հայաստան շեշտակի է աճել, եթե նախկինում տարեկան 4-ից 5 հազար մարդ էր ժամանակ ու գրեթե այդքանն էլ հեռանում էր, ապա անցած տարի Զվարթնոցից այս կողմ է անցել շուրջ 50 հազար հնդկաստանցի, մեկնել են 33 հազարը. տարբեր հաշվարկներով այս պահին Հայաստանում ավելի քան 20 հազար հնդկաստանցի կա:

Ձեռնտո՞ւ է Հայաստանում աշխատելը. տնտեսագետ Սուրեն Պարսյանը հաշվել է՝ հնդիկ միգրանտները մոտ 60 հազար դրամ սենյակի կամ մահճակալի համար են վճարում, բնակվում են հիմնականում խմբերով՝ կիսելով ծախսերը, 120 հազար ծախսում են սննդի վրա։ Մնացածը հավաքում են կամ տուն ուղարկում:

Պաշտոնական տվյալով՝ անցած տարի Հնդկաստան ավելի քան 3 միլիոն դոլար է փոխանցվել, վերջին 4 տարիներին մասնավոր տրանսֆերների ծավալն աճել է 70 տոկոսով:

«Հաշվի առնելով, որ նրանց մեծ մասը երիտասարդ տղաներ են, շռայլություններ կամ մեծ հարմարանքներ անհրաժեշտ չեն ի տարբերություն Ռուսաստանի քաղաքացիների, որոնք բնակարաններ են վարձում», - ասաց Պարսյանը:

Ավելի մատչելի հոսթելներ էլ կան, ամսական 35 հազարով Կենտրոնում տարբերակ կա:

Հայաստանն ունի այս աշխատուժի կարիքը, ընդգծում է տնտեսագետը. 2022-ից հետո ծառայությունների, հանրային սննդի ոլորտների աճը աշխատողների մեծ պահանջարկ է ստեղծել, իսկ տեղացիների թիվն ու հետաքրքրվածությունն այդ աշխատատեղերով համարժեք չէ պահանջարկին։

Եթե ներհոսքի այս միտումը շարունակվի, ի՞նչ կլինի մի քանի տարի հետո. Պարսյանի կարծիքով՝ ամեն բան կախված է տնտեսական զարգացումներից, քանի դեռ այդ ոլորտներում պահանջարկը մեծ է, լրացուցիչ աշխատուժը միայն օգուտներ կբերի։ Եթե պատկերը փոխվի՝ Հնդկաստանի քաղաքացիները կա՛մ կհեռանան, կա՛մ թեժացած մրցակցության պատճառով կհամաձայնեն ավելի ցածր վարձատրությամբ աշխատանքին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG