Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հավաքական հայրենադարձությունը միայն ռուսական կողմի երաշխավորությամբ նպատակահարմար չէ, հայտարարում Արցախի մարդու իրավունքների պաշտպանը։
«Միևնույն ժամանակ, իմ կարծիքն այնպիսին է, որ միջազգային երաշխիքներ են պետք: Այսինքն՝ 20 թվականից հետո Արցախում ներդրված ռուսական խաղաղապահ զորակազմի միայն այդ երաշխիքը պատմությունը ցույց տվեց, որ բավարար չէ Արցախում անվտանգություն ապահովելու համար», - «Ազատության» հետ զրույցում ընդգծեց Գեղամ Ստեփանյանը:
Ռուսաստանից վերջին օրերին հայտարարում են, թե ադրբեջանական կողմի հետ քննարկում են հայ բնակչության՝ Ղարաբաղ վերադարձի հեռանկարները ու առանց հստակությունների նշում, թե հնարավոր վերադարձը պետք է իրականացվի մարդկանց «իրավունքների և անվտանգության պատշաճ ապահովմամբ»:
Արցախի մարդու իրավունքների պաշտպանը բացասաբար է վերաբերվում այս հայտարարություններին, Լեռնային Ղարաբաղը ինքնակամ լքելու մասին ռուս պաշտոնյաների պնդումները համարում մանիպուլյացիա։
«Ռուսական խաղաղապահ զորակազմը գտնվել է տեղում, և ռուսական խաղաղապահ զորակազմը առաջինը պետք է լիներ, որ փաստագրեր, որ մարդիկ հեռացել են ֆիզիկական ոչնչացման իրական սպառնալիքի ներքո, 24 ժամ տևած ռազմական գործողություններից հետո: Պետք է ասեմ, որ ակնկալիքը հենց նաև այն էր, որ հենց առաջինը խաղաղապահ զորակազմը պետք է գնահատական տար այդ էթնիկ զտումներին և ոչ թե դա որակվեր որպես ինքնակամ հեռացում», - նշեց Գեղամ Ստեփանյանը:
Այն, որ ռուս խաղաղապահներն ադրբեջանական հարձակման ժամանակ եղել են դիտորդի կարգավիճակում, Հայաստան գալուց մոտ մեկ ամիս անց պնդել էր նաև Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը:
Եթե անգամ Ռուսաստանն անվտանգային լրացուցիչ մեխանիզմներ առաջարկի, միևնույն է, հավաքական հայրենադարձություն, ըստ Ստեփանյանի, հնարավոր է միայն միջազգային ամուր երաշխիքների պայմաններում: Ղարաբաղից տեղահանված 100 հազարից ավելի հայերի անվտանգ վերադարձի մասին Արևմուտքից ևս հայտարարություններ հնչում են, բայց՝ դարձյալ առանց հստակության:
«Շատ ավելի ցանկալի և շատ ավելի բարձր երաշխիք կարող է ապահովվել, եթե խաղաղապահությունը կամ միջազգային երաշխիքները ձևավորվեն միջազգային հարթակում՝ լինի դա ՄԱԿ-ի... Այսինքն, կոնկրետ որևէ պետության հայեցողության կամ նրանց կարողությունների շրջանակում չլինի, այլ ունենա միջազգային երաշխավորվածություն», - ընդգծեց Արցախի օմբուդսմենը:
Գեղամ Ստեփանյանը, որը նաև արցախահայերի վերադարձի հարցով վերջերս ձևավորված հանձնախմբի անդամ է, վստահեցրեց, որ ռուս-ադրբեջանական քննարկումներից տեղյակ չեն: Արդյոք պաշտոնական Երևանը կներգրավվի՞ այդ գործընթացում, կամ ինչպե՞ս է պատկերացնում իր դերն այդ հարցում, Արտաքին գործերի նախարարությունից դեռ չեն արձագանքում:
Մինչ այդ, Հայաստանի Ազգային ժողովի իշխող խմբակցության քարտուղարն է 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության օրինակով ընդգծում՝ Ռուսաստանի առաջարկած մեխանիզմները, ինչպես պարզվեց, արդյունավետ չեն: Իսկ թե ինչ են քննարկում Մոսկվան ու Բաքուն Ղարաբաղի ժողովրդի վերադարձի հարցով, հայկական կողմն, ըստ Արթուր Հովհաննիսյանի, տեղեկություն չունի:
«Հայաստանի Հանրապետությունը երբեք որևէ կոնստրուկտիվ քննարկմանը դեմ չի եղել, եթե դա բխում է Հայաստանի Հանրապետության պետական շահից և բխում է Լեռնային Ղարաբաղի մեր հայրենակիցների շահերից: Եթե էս գործոնները ապահովվում են էդ երկխոսության շրջանում, բնականաբար՝ մենք միայն շահագրգռված ենք այդ խոսակցություններում», - ընդգծեց Հովհաննիսյանը:
Արցախի մարդու իրավուքների նախկին և ներկայիս պաշտպաններն օրերս են վերադարձել Միացյալ Նահանգներից, ինչից հետո վերահաստատում են՝ հավաքական հայրենադարձության հարցում Հայաստանի իշխանության ներգրավվածությունն է անհրաժեշտ:
Իշխանական Արթուր Հովհաննիսյանն ասում է՝ Կառավարությունը տարբեր հայցեր է ներկայացրել միջազգային դատարաններ և հարցի լուծումն այս տարբերակով է պատկերացնում:
«Սա այս պահին իրավական ճանապարհը Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների իրավունքները պաշտպանելու և վերականգնելու համար միջազգային իրավական համապատասխան մարմինների միջոցով գործընթացներ իրականացնելն է, որը և մենք իրականացնում ենք», - ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղարը:
Մոսկվայից հնչող հայտարարությունների ֆոնին Բաքվում է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևը: Ռուսաստանում ակնկալում են, որ դիվանագետը նաև Երևան կայցելի: Արդյոք առաջիկա օրերին սպասվում է Խովաևի այցը Հայաստան, Արտգործնախարարությունից «Ազատության» հարցին չեն արձագանքել: