Մատչելիության հղումներ

«Ասա մեքենայիդ համարանիշը, ասեմ ով ես դու». երկու O, հինգ 0` առնվազն 20 մլն դրամ


Արխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար

«Ասա մեքենայիդ համարանիշը, ասեմ ով ես դու». - հայ վարորդները սիրում են երթևեկել միանման թվերով:

Շուտով փողոց կմտնեն 0-ներով համարանիշներ, փետրվարի 23-ին առաջին էլեկտրոնային աճուրդն է. մեքենայի 00OO000 համարանիշի մեկնարկային գինը 20 միլիոն դրամ է՝ շուրջ 50 հազար դոլար, թե մինչև ուր կհասնի այս թիվը, պարզ կդառնա աճուրդում:

«Ամենահետաքրքրություն ներկայացնող երևի հանրության համար՝ 00OO000 համարանիշի օգտին ևս քվեարկել ենք փորձնական, նորից 20 միլիոն արժողությամբ, և ստացվում է, որ 138 հոգի է քվեարկել տվյալ համարանիշի օգտին», - «Ազատությանը» փոխանցեց Ներքին գործերի նախարարության Ճանապարհային ոստիկանության դատական պաշտպանության բաժնի պետ Հայկ Վարդանյանը:

Վարդանյանի խոսքով՝ այս պահին ամենաշատը հենց այս համարանիշի օգտին են քվեարկել. 138 հոգի O-երի և 0-ների կոմբինացիայով է հետաքրքրված 20 միլիոն մեկնարկային գնով ևս երեք համարնիշեր կան. 0-ներ և DD, 0-ներ ու QQ, XX ու 0-ներ:

Հայաստանում երեք տեսակի համարանիշ կա՝ հերթական, այսինքն՝ որը պատահի, ցանկալի՝ սա գոլդ չէ, բայց ենթադրենք անուն-ազգանվան սկզբնատառեր ես ուզում, և մեծ պահանջարկ ունեցող, որի գինը մինչև 8 միլիոն դրամ է:

Այժմ չորրորդ տեսակն է ավելանում՝ առանձնահատուկ պահանջարկ ունեցող, որ կտրամադրվի միայն աճուրդով՝ այստեղ զրոներ են և կարող է լինել միայն մեկ տարբերվող թվանշան. առաջիկա աճուրդում 48 այսպիսի համարանիշ կսակարկվի։

«Մեր խնդիրն այն է, որ բյուջե հնարավորինս շատ փող մտնի», - կառավարության նիստում շեշտեց վարչապետ Փաշինյանը՝ սպասվող աճուրդի մասին խոսելիս, - «Աճուրդը տեղի ունենա, մինչև մաքսիմալ էն հնարավոր, էն ամենավերջին կետը, որ հնարավոր ա գին բարձրանա, և մաքսիմալ գներով վաճառվեն էդ ավտոմեքենաների համարները: Գիտենք, որ նման համարների սիրահարները Հայաստանի Հանրապետությունում, մյուս երկրներում էլ քիչ չեն»:

Երևանցիների մի մասը, այդուհանդերձ, բոլորովին էլ լավ երևույթ չի համարում այն, որ, օրինակ, 138 հոգի այսօր պատրաստ է ամենաքիչը 50 հազար դոլար տալ 0-ների ու O-երի համադրությանը:

«Ազատության» հեռուստառեպորտաժը ստորև.

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG