«Հայաստանի՝ Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությանը միանալը լավագույն կերպով չի ազդում երկկողմ հարաբերությունների վրա», - այսօր Մոսկվայում հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պնդելով, թե այդ քայլը «Երևանին ստիպում է ընտրություն կատարել»:
«Դա ընտրություն է Միջազգային քրեական դատարանի հետ համագործակցությունից բխող և Արևմուտքի կողմից թելադրվող պարտավորությունների ու եվրասիական ինտեգրման շրջանակներում Ռուսաստանի հետ քաղաքական երկխոսության միջև», - ասել է Զախարովան։
Ըստ Ռուսաստանի ԱԳՆ խոսնակի, հաշվի առնելով այս ամենը՝ Մոսկվայում «պատրաստվում և ակնկալում են երկկողմ հարաբերությունների մասով հայկական կողմից հավաստիացումներ ստանալ»։ «Այդ մասին Երևանում քաջատեղյակ են», - հայտարարել է Մարիա Զախարովան։
Հայաստանը փետրվարի 1-ից պաշտոնապես միացել է Միջազգային քրեական դատարանին։ Հռոմի ստատուտին միանալու քայլը հավելյալ լարվածություն էր առաջացրել Երևանի ու Մոսկվայի հարաբերություններում, քանի որ այս դատարանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին ձերբակալելու օրդեր է տվել։
Օրեր առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բրիտանական The Telegraph-ին տված հարցազրույցում հստակ չի պատասխանել հարցին՝ եթե Պուտինը ժամանի Երևան, նրան կձերբակալե՞ն։