Մատչելիության հղումներ

Գլխավոր շտաբի պետի 3 նոր տեղակալ, 3 վարչության նոր պետեր. Զինված ուժերում կադրային փոփոխություններ են


Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյան և ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ Կամո Քոչունց, արխիվ
Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյան և ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ Կամո Քոչունց, արխիվ

Զինված ուժերում լայնածավալ կադրային փոփոխություններ են։ Նախ երեկ վարչապետի առաջարկությամբ պաշտոնից ազատվեց Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Կամո Քոչունցը։ Ընդ որում, այս որոշանը նախորդել էր Ներքին Հանդում հայկական դիրքերի վրա ադրբեջանական զորքի հարձակման և 4 զոհերի ողբերգական միջադեպը։

Պարզ չէ՝ արդյոք այս որոշումն անմիջական կապ ունե՞ր սահմանային լարվածության հետ, թե՞՝ ոչ, պաշտոնական մեկնաբանություն ռազմական գերատեսչությունից դեռ չի հնչել։

Ավելի քան 30 տարի զինված ուժերում տարբեր պաշտոններ զբաղեցրած 61-ամյա գեներալ-լեյտենանտ Կամո Քոչունցին Գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնում փոխարինում է 46-ամյա Արթուր Երոյանը։ Անցած երեք տարիներին Երոյանը ղեկավարել է Վազգեն Սարգսյանի անվան Ռազմական ակադեմիան՝ մինչ այդ զբաղեցնելով մի շարք հրամանատարական պաշտոններ։

«Շատ լավ եմ ճանաչում Քոչունցին, առաջին պատերազմից մենք իրար հետ ենք եղել։ Քոչունցը արդեն տարիքային խնդիր ուներ, հիմնականում տարիքային խնդիրը պիտի լինի որ իրեն ազատել են», - «Ազատության» հետ զրույցում ասաց Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, պաշտպանության նախկին փոխնախարար Գագիկ Մելքոնյանը։

Խորհրդարանի պաշտպանության հանձնաժողովում պնդում են՝ Քոչունցի պաշտոնանկությունը կապ չունի Ներքին Հանդում տեղի ունեցած ռազմական գործողությունների հետ։ Պաշտպանության հանձնաժողովի անդամ Գագիկ Մելքոնյանի պնդմամբ՝ կադրային այս փոփոխությունը բանակում տեղի ունեցող բարեփոխումների շրջանակում է։

«Չէ, ես չեմ կապում էս գործողությունների հետ, որովհետև, նորից եմ ասում, Գլխավոր շտաբում դեռ շատ փոփոխություններ կլինեն, և արդեն հասկանալի է, որ մենք գնում ենք նոր տեխնիկա, և փոխելու ենք մեր նախկին կառավարման ձևը։ Կառավարման ձևը փոխվելու է», - նշեց Մելքոնյանը։

Ինը նոր նշանակում՝ Զինված ուժերում

Այսօր ավելի ուշ հայտնի դարձավ Գլխավոր շտաբում կադրային այլ փոփոխությունների մասին: Արթուր Երոյանից բացի ԳՇ պետի ևս երկու նոր տեղակալներ նշանակվեցին՝ Կարենը Գրիգորյանը և Թեմուր Շահնազարյանը։ Նոր նշանակումներ են կատարվել Գլխավոր շտաբի ռազմավարական պլանավորման, մարտական պատրաստության, կապի զորքերի և ավտոմատացված կառավարման համակարգերի վարչությունների ղեկավարների պաշտոններում։ Ընդհանուր առմամբ ինը նոր նշանակում կա։

Կադրային փոփոխությունների պատճառների մասին պաշտպանական գերատեսչությունը դեռ մեկնաբանություն չի տվել։

Պարզ չեն նաև Ներքին Հանդում տեղի ունեցած ռազմական գործողությունների և դրան նախորդած իրադարձությունների ծառայողական քննության արդյունքները։

Խորհրդարանի պաշտպանության հանձնաժողովի անդամ, նախկին փոխնախարար Գագիկ Մելքոնյանը, ով նաև Երկրապահ կամավորական միության անդամ է, սպասում է այդ քննության արդյունքներին, որպեսզի հասկանա՝ ինչ է տեղի ունեցել փետրվարի 12-ին Ներքին Հանդի դիրքերում, եթե կամավորները առաջինն են կրակել, ինչպես պնդում են ադրբեջանցիները, ո՞րն է եղել պատճառը։

Ավելի վաղ տարածած հաղորդագրության մեջ Հայաստանի ռազմական ոստիկանությունը տեղեկացրել էր, թե նախնական տեղեկություններով՝ կրակ բացելու իրավիճակ չի եղել։

«Չկա էտենց հասկացողություն՝ անիմաստ կրակել, էտենց բան չի կարող լինի, որ դու դնես ու քո համար կրակես։ Ինչի՞ ես կրակում՝ ուրեմն մի բան ինքը զգացել է, մի բան տեսել է, որ կրակել է, ինչ-որ մի առաջխաղացում, կամ ինչ-որ մի բան նկատում է դիրքապահը, որ կրակում է։ Բա էսքան ժամանակ, ամիսներով ինչի՞ կրակոց չի եղել», - ընդգծեց իշխանական պատգամավորը։

«Մենք հիմա խուսափում ենք էսկալացիայից»

Երբ արդեն փետրվարի 12-ին պարզ էր, որ իրավիճակը լարվում է, արդյո՞ք միջոցներ են ձեռնարկվել Ներքին Հանդի հայկական դիրքերում պաշտպանություն իրականացնող կամավորների անվտանգությունը մեծացնելու ուղղությամբ։ Ի դեպ, երեկ վարչապետը հայտարարեց, որ Ադրբեջանը ծավալուն հրաձգություն է իրականացրել՝ անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ։ Ինչո՞ւ հայկական կողմի ԱԹՍ-ները նույնպես գործի չեն դրվել:

«Մեր ԱԹՍ-ները եթե պետք լիներ օգտագործելու տվյալ մասում, կօգտագործվեր», - ասաց Գագիկ Մելքոնյանը:

«Բայց գուցե օգտագործվեր, որ փրկեի՞ն», - այս հարցին պաշտպանության նախկին փոխնախարարն արձագանքեց. - «Ուրեմն, մի րոպե, եթե դուք մտադիր եք, որ էս կոնֆլիկտը սարքենք մենք պատերազմ, ուրիշ խնդիր, ես ուրիշ ձևով կպատասխանեի քեզ: Ուրեմն իմացեք՝ հիմի մահանա է պետք իրենց, որ էսկալացիա սկսեն: Հիմի եթե մենք գնում ենք էդ էսկալացիայի, ասեք, որ «ինչո՞ւ չկրակեցիք, ինչո՞ւ արտիլերիա չօգտագործեցիք, ինչո՞ւ էս չարիք»: Այ էս ձեր հարցերը հանեք արանքից: Մի բան հասկացեք, որ մենք հիմի խուսափում ենք էսկալացիայից»:

Վարչապետ Փաշինյանը, երեկ անդրադառնալով Ներքին Հանդի հայկական դիրքերի վրա Ադրբեջանի ռազմական հարձակմանը, ասել էր, թե դա առանձին գործողություն չէ։ «Մենք շարունակաբար տեսնում ենք ադրբեջանական սադրանքների շարք։ Դա Ադրբեջանի քաղաքականությունն է՝ ուղղված բոլոր հնարավոր միջոցներով Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը խաթարելուն», - ասել էր Փաշինյանը, ընդգծելով՝ չնայած այդ ամենին՝ Հայաստանի կառավարությունը նվիրված է խաղաղության գործընթացին։

Ադրբեջանի նախագահն, իր հերթին, այսօր հայտարարել է՝ «եթե տարածքային պահանջներին վերջ չդրվեն, եթե Հայաստանն իր օրենսդրությունը չբերի նորմալ վիճակի, ապա խաղաղության պայմանագիր չի լինի»։

XS
SM
MD
LG