Բաքուն հաղորդում է, թե փետրվարի 13-ին Ադրբեջանի պետական սահմանային ծառայության ստորաբաժանումները, «ի պատասխան հայկական զինված ուժերի երեկվա սադրանքի», իրականացրել են «Հատուցում» գործողություն։
Ադրբեջանի պետական սահմանային ծառայությունը նշում է, որ «Հատուցում» գործողության արդյունքում Ներքին Հանդի բնակավայրի մոտ գտնվող Հայաստանի զինված ուժերի մարտական դիրքը, «որտեղից երեկ կրակ էր բացվել ադրբեջանցի զինվորի վրա, ամբողջությամբ ոչնչացվել է»։
Երեկ ադրբեջանական կողմը հաղորդել էր Զանգելանի շրջանի դիրքերի ուղղությամբ Հայաստանի Զինված ուժերի կրակ բացելու մասին՝ պնդելով, թե կրակի հետևանքով ադրբեջանցի սահմանապահ է վիրավորվել:
Հայաստանի պաշտպանության նախարարության Ռազմական ոստիկանություն էլ հայտարարեց, որ հայաստանցի դիրքապահների կողմից կրակ բացելու մասին տեղեկատվությունը հետաքննվում է։
Այսօր վաղ առավոտյան Հայաստանի ռազմական գերատեսչությունը հաղորդեց, որ փետրվարի 13-ին՝ ժամը 05:30-ից սկսած, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ են բացել Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, հայկական կողմն ունի երկու զոհ և վիրավորներ։