Ներքին Հանդի հայկական դիրքերի ուղղությամբ ադրբեջանական կրակի հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ, 1 վիրավոր, «Ազատության»-ը փոխանցեց Ազգային ժողովի պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։
«Դիակների մի մասը հանված են, զորակոչիկներ չկան նրանց մեջ», - ասաց Քոչարյանը՝ հավելելով՝ 4 զոհն ու վիրավորը «Երկրապահ կամավորականների միության» (ԵԿՄ) անդամներ են։
Ըստ Քոչարյանի՝ իրավիճակն այս պահին կայուն է։
Պաշտպանության հանձնաժողովի նախագահը որոշ մանրամասներ ներկայացրեց․ - «Կամավորականները որոշակի դիրքապահ ծառայություն են իրականացրել, ինչ-որ իրավիճակ է առաջացել, որտեղ տեղի են ունեցել կրակոցներ, որի արդյունքը զոհեր և վիրավոր ունենալն է: Իսկ ինչքանո՞վ է կրակոցն անհրաժեշտ եղել, թե ոչ, ծառայողական քննությունը կտա հարցի պատասխանը»։
Քոչարյանը նաև տեղեկացրեց, որ զոհերը 40-ից 67 տարեկան են։
Պաշտպանության նախարարությունն էլ հաղորդեց, որ վիրավորի վիճակը գնահատվում է միջին ծանրության, այս պահի դրությամբ նրա կյանքին վտանգ չի սպառնում:
Նախարարությունը զոհվածների անվանացուցակն ավելի ուշ կհրապարակի։
Այսօր ժամը 05:30-ից սկսած, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ էին բացել Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, նախնական տվյալներով՝ հայկական կողմը հաղորդել էր 2 զոհի և վիրավորների մասին։ Ժամը 09:30-ի դրությամբ կրակը դադարել է։
Բաքուն հաղորդել է, թե «Հատուցում» գործողություն են իրականացրել՝«ի պատասխան հայկական զինված ուժերի երեկվա սադրանքի»։
Երեկ ադրբեջանական կողմը հաղորդել էր Զանգելանի շրջանի դիրքերի ուղղությամբ Հայաստանի Զինված ուժերի կրակ բացելու մասին՝ պնդելով, թե կրակի հետևանքով ադրբեջանցի սահմանապահ է վիրավորվել: Երևանն էլ արձագանքել էր՝ քննում է հայաստանցի դիրքապահների կողմից կրակ բացելու մասին տեղեկությունը։