Այսօր Փարիզում Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ստեֆան Սեժուրնեի հետ:
Հայաստանի արտգործնախարարության լրատվական վարչության փոխանցմամբ՝ Միրզոյանը շնորհավորել է Սեժուրնեին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ:
Զրուցակիցները հանգամանալից քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ՝ անդրադառնալով թե՛ երկկողմ և թե՛ բազմակողմ հարթակներում համատեղ սերտ փոխգործակցության հեռանկարներին։
Նախարարները գոհունակություն են հայտնել բարձր մակարդակի քաղաքական երկխոսության կապակցությամբ և ընդգծել բազմաոլորտ համագործակցության հետագա ամրապնդման պատրաստակամությունը, անդրադարձել առաջիկայում նախանշվող բարձրաստիճան միջոցառումներին։
Միրզոյանը և Սեժուրնեն մտքեր են փոխանակել նաև ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգի շուրջ։ ՀՀ ԱԳ նախարարը շեշտել է Եվրոպական միության հետ ինտենսիվ խորացող երկխոսությունը, որը զարգանում է նաև նոր ուղղություններով՝ միտված ՀՀ քաղաքացիների համար շոշափելի արդյունքների ապահովմանը։
Մանրամասն քննարկվել են Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակին վերաբերող հարցեր, Միրզոյանը ներկայացրել է տարածաշրջանում կայունության ու խաղաղության հաստատման հարցում Հայաստանի տեսլականը: Նա ընդգծել է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացում առանցքային սկզբունքները, մասնավորապես՝ տարածքային ամբողջականության և սահմանների անքակտելիության, ինքնիշխանության անվերապահ հարգման կարևորությունը, ինչպես նաև սահմանազատման հետագա գործընթացն Ալմա-Աթայի հռչակագրի ու ԽՍՀՄ ամենաթարմ ու լեգիտիմ քարտեզների հիման վրա իրականացնելու համար առավել որոշակիություն ապահովելու անհրաժեշտությունը։
Հայաստանի ԱԳ նախարարը բարձր է գնահատել Ֆրանսիայի առանձնահատուկ ուշադրությունն ու ջանքերը՝ ուղղված Հարավային Կովկասում անվտանգային մարտահրավերների հաղթահարմանը, ինչպես նաև արդար ու կայուն խաղաղության հաստատմանը:
Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային տրանսպորտային և տնտեսական ծրագրերին առնչվող հարցերի շուրջ, ասված է հաղորդագրությունում: