Մատչելիության հղումներ

Վրաստանը կշարունակի տարածաշրջանում խաղաղության հաստատմանը նպաստող արտաքին քաղաքականությունը


Վրաստանի արտգործնախարար Իլյա Դարչիաշվիլի, արխիվ
Վրաստանի արտգործնախարար Իլյա Դարչիաշվիլի, արխիվ

«Չնայած տարածաշրջանի բարդ իրավիճակին, Վրաստանը պաշտպանում և իրականացնում է հավասարակշռված քաղաքականություն՝ ուղղված տարածաշրջանում կայունության և երկարատև խաղաղության ձեռքբերմանը», - այսօր Վրաստանի խորհրդարանում ասել է արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Իլյա Դարչիաշվիլին։

Նա նշել է, որ Վրաստանը բազմիցս նպաստել է հարևան հանրապետությունների՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև արդյունավետ հաղորդակցությանը՝ գործարկելով «Խաղաղ հարևանություն» նախաձեռնությունը։

«Մենք պատրաստ ենք շարունակել մեր մասնակցությունն այդ ուղղությամբ՝ մեր հարևան երկրների կարիքներին համապատասխան։ Ցանկանում ենք, որ ապագայում Թբիլիսին մեր հարևանների համար վայր դառնա, որտեղ նրանք կկարողանան քննարկել կողմերի միջև վստահության վերականգնմանը նպաստող ցանկացած հրատապ հարցեր», - ասել է Դարչիաշվիլին՝ ելույթ ունելով Վրաստանի խորհրդարանի Եվրաինտեգրման ու Արտաքին հարաբերությունների հանձնաժողովների համատեղ նիստում։

Վրաստանի կառավարության անդամները դեռ պաշտոնակատարներ են համարվում, քանի որ վարչապետի հրաժարականի, վարչապետի նոր թեկնածուի առաջադրումից հետո խորհրդարանը դեռ չի հաստատել կառավարության նոր կազմը։ Բայց սա զուտ ֆորմալ իրավիճակ է, փոփոխություններ չեն սպասվում, նոր վարչապետի թեկնածու Իրակլի Կոբախիձեն ասել է, որ կառավարության կազմը կմնա նույնը, փոխվում է միայն պաշտպանության նախարարը, ով չէր ցանկացել շարունակել պաշտոնավարումը։ Կառավարության նոր կազմը հաստատելուց առաջ խորհրդարանական տարբեր հանձնաժողովներ համատեղ լսումներ են անցկացնում գործադիր մարմնի անդամների մասնակցությամբ։ Խորհրդարանը փետրվարի 8-ի լիագումար նիստում հաստատելու է կառավարության կազմը, ինչի համար 150 պատգամավորներից նվազագույնը 76-ը պետք է կողմ քվարկեն։

Երկուշաբթի օրը սկսված լսումներում պաշտպանության նախարարի թեկնածու Իրակլի Չիկովանին խոստացել է պաշտպանական ծախսերը 1,6 տոկոսից հասցնել 2 տոկոսի։

Ռուս - ուկրաինական հակամարտությունից հեռու մնալու մասին նա ասել է, թե «իհարկե չափազանց բարդ և լարված իրավիճակ է, և մեր գլխավոր խնդիրը նախկինի պես կայանում է նրանում, որպեսզի ոչ մի դեպքում հակամարտության սրացում տեղի չունենա մեր տարածքում, զինված հակամարտությունը չտեղափոխվի մեր տարածք»։

Արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Իլյա Դարչիաշվիլին, այսօրվա հանդիպմանը խոսելով Վրաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունների մասին, ասել է, թե միջազգային աշխարհաքաղաքական այսօրվա բարդ իրավիճակում Վրաստանի ռազմավարական հիմնական նպատակներին հասնելու համար կարևոր է խորացնել և ամրապնդել երկկողմ կապերը գործընկերների և բարեկամ պետությունների հետ։ Նա նշել է, որ Վրաստանը շարունակում է խորացնել ռազմավարական հարաբերությունները ԱՄՆ-ի, ինչպես նաև եվրոպական երկրների հետ։

Ռուսաստանի հետ հարաբերությունների առնչությամբ Դարչիաշվիլին ասել է, թե իշխանությունները կողմ են Ժնևի ձևաչափի պահպանմանը։ «Չնայած դուք խոսում եք այդ հարթակի կոնկրետ արդյունքների բացակայության մասին, մենք գտնում ենք, որ այն միակ հարթակն է, որտեղ ներկայացված է մեր հյուսիսային հարևանը։ Ուստի այսօրվա դրությամբ կարծում ենք, որ այդ հարթակը պետք է պահպանել։ Մեր հիմնական խնդիրն է այդ երկխոսության շրջանակում փորձել լուծել նվազագույնը հումանիտար հարցեր», - ասել է նա՝ պատասխանելով պատգամավորների հարցերին։

XS
SM
MD
LG