Բելառուսի ավտորիտար առաջնորդ Ալեքսանդր Լուկաշենկոն փոփոխություններ է կատարել երկրի զինված ուժերի կանոնակարգում։
Ըստ այդմ՝ զինվորականներին թույլատրվում է «հրազեն, ռազմական և հատուկ տեխնիկա կիրառել քաղաքացիների դեմ՝ իրենց առջև դրված խնդիրները կատարելիս», փոխանցում է «Ազատության» բելառուսական ծառայությունը։
Քաղաքացիների դեմ զենքի օգտագործումը, ըստ փաստաթղթի, թույլատրվում է նույնիսկ վարչական իրավախախտումների դեպքում։
Փոփոխություններում նշվում է նաև, որ զինծառայողը «պատասխանատվություն չի կրում զենքի գործադրման հետևանքով պատճառված վնասի համար, եթե զենքի օգտագործումը կատարվել է զինվորական ընդհանուր կանոնադրության պահանջներին համապատասխան»։
Ավելի վաղ Լուկաշենկոն ստորագրել էր «Պետական անվտանգության մարմինների մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը, որի համաձայն, անվտանգության ծառայության աշխատակիցներին թույլատրվում է զենք օգտագործել կանանց, երեխաների և հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ՝ «զինված դիմադրության, զինված կամ խմբակային հարձակման, կամ այլ գործողությունների դեպքում», որոնք սպառնում են մարդկանց կյանքին կամ առողջությանը»։