Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն այսօր Մինսկում հանդես է եկել ծավալուն ուղերձով, որում ի շարս այլ հարցերի անդրադարձել է անցած շաբաթավերջին Ռուսաստանում ձախողված զինված հեղաշրջմանը:
«Չեմ թաքցնի, ցավով էի հետևում այն ամենին, ինչ տեղի էր ունենում Ռուսաստանի հարավում: Մեր քաղաքացիներից շատերն էին սրտին մոտ ընդունել, որովհետև Հայրենիքը մեկն է», - ասել է Լուկաշենկոն:
Նրա խոսքով՝ Բելառուսի բանակը, ոստիկանությունը և հատուկ ուժերը հեղաշրջման փորձի առաջին ժամերից արդեն բերվել էին մարտական բացառիկ պատրաստության վիճակին:
Լուկաշենկոն ընդգծել է նաև, թե չնայած վիճակի կարգավորման գործում իր միջնորդությանը, ոչ ոքի, այդ թվում՝ իրեն, պետք չէ հերոս դարձնել:
«Մենք հուսով էինք, որ կլուծվի, բայց չլուծվեց, այս պատմությունում չկան հերոսներ», - ասել է նա:
Բելառուսի ղեկավարը նաև հայտարարել է, որ անհրաժեշտ է լինել ավելի հզոր, քան հնարավոր սպառնալիքները:
«Ես 30 տարի պատերազմի եմ պատրաստվում, այդ իսկ պատճառով այսօր խաղաղ երկնքի տակ ենք ապրում: Վտանգի ստվերը նորից մեր երկրի վրա է կանգնել և նորից՝ Արևմուտքից», - ասել է Ալեքսանդր Լուկաշենկոն և հավաստիացրել, որ բելառուսցիները միշտ կհաղթահարեն մարտահրավերները, «քանի որ կարողանում են պաշտպանել իրենց երկիրը»: