Ամերիկյան զինուժը ևս մեկ հարված է հասցրել Եմենի տարածքին՝ թիրախավորելով «Անսար Ալլահ» շարժման հութի ապստամբների վեց հականավային հրթիռները։ Այս մասին հայտնում է ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM)։
«Սանաայի ժամանակով մոտավորապես ժամը 19:20-ին, CENTCOM-ի ուժերը, ինքնապաշտպանության նպատակով, խոցել են հութիների վեց հականավային թևավոր հրթիռներ, որոնք պետք է արձակվեին Կարմիր ծովում նավերի ուղղությամբ», - ասվում է X-ում հրապարակված CENTCOM-ի հաղորդագրությունում:
Ըստ ԱՄՆ բանակի, թևավոր հրթիռները հայտնաբերվել են հութիների կողմից վերահսկվող տարածքում: Ամերիկացիները համոզվել են, որ դրանք անմիջական վտանգ են ներկայացնում տարածաշրջանում ԱՄՆ ռազմածովային ուժերի և առևտրային նավերի համար ու ոչնչացրել են:
Քիչ առաջ ամերիկացիներն օրվա ընթացքում արդեն երկրորդ հարվածն են հասցրել հութիներին: Դրա թիրախների և հետևանքների մասին տեղեկություններ դեռ չկան: