Ռուսաստանը և Ադրբեջանը Հայաստանից «միջանցք են ուզում, միջանցքի վերահսկողություն են ուզում, բնականաբար, և սինխրոնիզացիան Ադրբեջան-Ռուսաստան կամ Ալիև-Լավրով, միմյանց աջակցության մեսիջները և ուղերձները հասցնելու տեղ արդեն նորություն չի», - «Ազատությանը» տված հարցազրույցում հայտարարեց «Հանուն հավասար իրավունքների» հասարակական կազմակերպության նախագահ Գայանե Աբրահամյանը:
«Եվ վերջին լավրովյան հայտարարությունները, հատկապես՝ այն հատվածը, երբ ըստ էության հերքում էր միջանցքի հնարավորությունը, այսինքն՝ անխոչընդոտ ճանապարհի հնարավորությունը, բայց այդ հերքումը չէր անում, որովհետև դրա մասին խոսում է Ալիևը՝ ամենօրյա կտրվածքով, ամեն իր հնարավոր ելույթներով, և ոչ միայն Ալիևը, այլ նաև՝ Էրդողանը կամ Էրդողանի նաև կառավարության ներկայացուցիչները, ինչպես վերջերս տրանսպորտի նախարարը, բայց Լավրովը հետաքրքիր էր, որ իր հերքումը չէր անում և իր կոչը չէր անում Ալիևին, այլ ծաղրում էր, ըստ էության, Հայաստանի Հանրապետության վարչապետին՝ ասելով, որ «որևէ տրամաբանություն չեմ տեսնում համեմատության մեջ դնելու միջանցքը և Իրանի հետ ճանապարհը», մինչդեռ այդտեղ տրամաբանությունը բավական խորն է», - նշեց Աբրահամյանը՝ հավելելով. - «Սա իրականում ես անվանել էի նոր բարձունք Ալիևի փաստաբանության՝ Լավրովի կողմից, և ակնհայտ են նաև հաջորդիվ քայլերը, այսինքն՝ Օվերչուկի այցը, և այլն: Այսինքն՝ հաջորդիվ քայլերը ևս դրա մասին են վկայում, որ հստակ է՝ միմյանց հետ փորձում են ինչ-որ գործակցության գնալ»:
«Մեկ դիտարկում ունեմ այստեղ՝ գուցե ինչ-որ դրական զարգացման տեսանկյունից, որ եթե նախկինում շատ ուղիղ այդպես չէր ասվում, որ միջանցք չի լինելու, միջանցքի տրամաբանություն որպես այդպիսին ճանապարհի, կոմունիկացիաների բացման մասով չի լինելու, հիմա շատ ավելի հստակ են ասում: Բայց, մյուս կողմից, նաև շեշտում են իրենց վերահսկողության սահմանումը այդտեղ, որովհետև սրան արդեն չի ընդդիմանում Ալիևը՝ շատ պարզ նաև իր այսպես ասած ասուլիսի ժամանակ ասաց այդ մասին», - ընդգծեց «Հանուն հավասար իրավունքների» ՀԿ ղեկավարը:
«Ձեր ընդդիմախոսներն ասում են, որ գուցե սա չարյաց փոքրագույնն է, վաղը ուշ կլինի, և ադրբեջանցիները, պարզ է՝ ռուսների, ինչպես ասում են, «դաբռոյով», դա կվերցնեն ուժով», - այս դիտարկմանը Աբրահամյանն արձագանքեց. - «Այս մտահոգությունը, անուշտ, կա, ես ինքս էլ պարբերաբար ասում եմ, որ գոնե վերջին երեք տարիների ընթացքում այն, ինչին մենք ընդդիմացել ենք, չենք կարողացել, մեծ հաշվով, այդ դիրքում մնալ կամ այդ դիրքերի մեր պաշտպանությունն ապահովել՝ թե՛ ռազմական, թե՛ քաղաքական, թե՛ դիվանագիտական դաշտում, և, ի վերջո, դա արվել է, և այդ զիջումը արվել է շատ ավելի վատ ճանապարհով և շատ ավելի մեծ»:
«Բայց, մյուս կողմից, այստեղ Հայաստանի դիվանագիտական դիրքում կրկին փոփոխություն է եղել էլի նշաձողի իջեցման տեսանկյունից: Այսինքն՝ երբ հայտարարություն արվեց, որ մենք պատրաստ ենք քննարկել ճանապարհի որոշակի հեշտացված ռեժիմ, սա արդեն իսկ որոշակի զիջում է, գուցե արդեն իսկ ինչ-որ պայմանավորվածություն կա այդ մասով, որ՝ «տեսեք, դուք չեք պնդում, որ միջանցք է, մենք էլ ասում ենք՝ այո, արագացված կամ հեշտացված ռեժիմ է այստեղ կիրառվելու, ստացվում է, որ դուք ստանում եք այն, ինչ ուզում եք, բայց մյուս կողմից՝ ստացվում է, որ ես իմ հանրությանը ասում եմ, որ ես չեմ զիջել, դու էլ քո հանրությանն ասում ես, որ դու չես զիջել»: Այսինքն՝ այստեղ ավելի շատ ներքին հանրությանը թե ինչպես այդ ուղերձը կամ այդ նորությունը կմատուցվի», - ասաց Գայանե Աբրահամյանը:
Ինչ վերաբերում է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը, որին հղում են անում Մոսկվան և Բաքուն, Աբրահամյանն ընդգծեց. - «Արդյո՞ք գոյություն ունի ընդհանրապես այլևս նոյեմբերի 9-ի փաստաթուղթ, որովհետև եթե այդ փաստաթղթի հիմնադրույթը սահմանված էր Արցախի, արցախահայության իրավունքների պաշտպանությունը, Արցախում ապրող մարդկանց պաշտպանությունը, անվտանգությունն ապահովելը, Արցախում այլևս մարդ չի մնացել և չի մնացել հենց այդ երկուսի փոխգործակցությամբ, և նոյեմբերի 9-ի փաստաթղթի որևէ դրույթ Հայաստանը չի խախտել, բայց որևէ դրույթ ի օգուտ Հայաստանի չի իրականացվել, անգամ գերիների վերադարձը չի իրականացվել»:
«Այսինքն, հիմա խոսել և հղում անել այդ փաստաթղթին՝ անհեթեթ է ուղղակի», - ամփոփեց Գայանե Աբրահամյանը:
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև.