Մատչելիության հղումներ

Ահազանգեր ձմեռային զորակոչի վերաբերյալ


Արխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար

Որդիներին առանց մանրամասն ու լիարժեք հետազոտությունների տանում են ծառայության՝ ահազանգում են մի շարք զորակոչիկների ծնողներ։ Պաշտպանության նախարարությունից կարճ հակադարձում են՝ հետազոտություններն իրականացվում են օրենքով, իսկ արդյունքներին համաձայն չլինելու դեպքում կան բողոքարկման ընթացակարգեր։

Ծնողներից մեկն անանուն մնալու պայմանով պատմեց «Ազատությանը»՝ որդին տեսողական խնդիրներ ունի, դեռ 2021 թվականին աչքը վիրահատելուց հետո տարկետում էր ստացել, դրանից հետո մասնավոր բժիշկը ստուգել ու երկրորդ վիրահատությունն է նշանակել, բայց զորակոչով զբաղվող ծառայությունները հրաժարվում են վիրահատել, ավելին՝ պնդում են՝ խնդիր չկա, տղային էլ պետք է տանել ծառայության։

«Նկարագիրը էսպես էր, որ կան միկրոպատռվածքներ, որոնք ենթակա են վիրահատության: Ո՞նց հասկանանք՝ 21 թվականին վիրահատություն տեղի ունեցել է, 22-ին էդ վիրահատության հիմքով իրեն ազատում են բանակից՝ տարկետում են տալիս մի տարով: Հիմա ցուցված է վիրահատություն, ու ասում են՝ «գնա»: Չեմ պատկերացնում, այսինքն՝ եթե ոչ մի ձև միջամտություն չի եղել, էդ մաշվածությունը, էդ օջախները դեգենարացիոն, անցա՞ն: Ո՞նց կարող է լինել նման բան», - նշեց «Ազատության» զրուցակիցը:

Մայրն անհանգստացած է՝ կարդում է բժշկի եզրակացությունը, որ տղան չպետք է ֆիզիկական ծանրաբեռնվածություն ունենա, ու հարցնում՝ նման պայմաններում ինչպե՞ս է որդին ծառայելու, հատկապես, երբ վիրահատության կարիք կա։ Կարկամել էր, որ վիրահատություն նշանակած բժիշկը հետո վախեցել է պնդել իր ցուցումը. - «Ասում է՝ չէ, ոչ մի բան էլ չկար, ինչո՞ւ եք բառերից կառչում: Այսինքն՝ դիագնոզ գրելը բառերից կառչել է՞ր»:

Մեկ այլ դեպքում էլ ծնողը պատմեց, որ բուժման կարիք ունեցող՝ տարկետում ստացած զորակոչիկին առանց պատշաճ բուժում առաջարկելու են փորձում զորակոչել։

Բանակի խնդիրներով զբաղվող իրավապաշտպան կազմակերպությունը ձմեռային զորակոչի վերաբերյալ ավելի քան երեք տասնյակ բողոք է ստացել։ Մեծ մասը վերաբերում են առողջական խնդիրներին, ասում է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի իրավապաշտպան Նազելի Մովսեսյանը։ Կասկածներ ունեն, որ կա միտում՝ ամեն գնով համալրելու Զինված ուժերը:

«Տրամաբանական է, որ այս պարագայում կնախընտրեն որևէ առողջական խնդիր ներկայացնել շատ ավելի թեթև և զորակոչիկին ուղարկել ծառայության ավելի շատ որպես քանակ՝ առանց հաշվի առնելու, թե ինչ խնդիրներ և հետևանքներ դրանք հետագայում կարող են առաջացնել: Այսինքն՝ հիմնական պատճառը դրա բանակի համալրումն է, բայց՝ ոչ որակապես, այլ՝ քանակապես», - «Ազատության» հետ զրույցում ընդգծեց Մովսեսյանը:

Դիմումների մի մասում զորակոչիկներն ու ծնողները նշում են, որ չնայած առողջական խնդիրներին՝ տղաները ճանաչվել են պիտանի, իսկ մյուս մասի դեպքում էլ բողոքում են առողջական հարցերը բողոքարկելու ընթացակարգերից։

«Այսինքն՝ ոչ բոլոր առողջական խնդիրներով են զորակոչիկները հետազոտվում և հետևաբար առողջական վիճակի պատկերը ակտերում և փաստաթղթերում չի արտացոլում զորակոչիկի իրական առողջական վիճակը, ինչը և հանգեցնում է հետագայում առողջական խնդիրներով անձանց զինվորական ծառայության զորակոչելու, և հետագայում արդեն հնարավոր է նաև՝ խնդիրները ծառայության ընթացքում խորանան», - ասաց իրավապաշտպանը:

Մովսեսյանը մեկ այլ համակարգային խնդիր էլ է ներկայացնում՝ որոշ դեպքերում բժշկական կենտրոնը հրաժարվում է զորակոչիկին հետազոտել վճարի դիմաց՝ պնդելով, թե զորակոչիկ է, ու առանց ուղեգրի չեն կարող ստուգումներ անել։ Առողջապահության նախարարությունից, սակայն, հակադարձում են՝ նման համակարգային խնդիր չկա։

«Իրավունք չունեն իրեն չհետազոտելու, քանի որ մարդը ներկայանում է իր առողջական վիճակը պարզելու», - նշեց Նազելի Մովսեսյանը:

Մինչ իրավապաշտպան կազմակերպությունում պնդում են՝ զինվորական հանձնաժողովները և բուժհաստատությունները զորակոչիկների առողջական վիճակը գնահատելիս երբեմն անաչառ չեն, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակում նման եզրահանգում չեն անում։

«Մեզ հասցեագրված բողոքներով ես որևէ դեպքում միտում չեմ նկատել: Այսինքն, բողոքների ուսումնասիրմամբ ստացված պաշտոնական պարզաբանումներով՝ մենք չենք արձանագրել դեպք, որ իրականում առողջական վիճակով ոչ պիտանի զինծառայողը ներգրավվի զինված ուժեր», - «Ազատությանն» ասաց Օմբուդսմենի գրասենյակի զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Անդրանիկ Եղոյանը:

Նրա խոսքով՝ այս ձմեռային զորակոչի բողոքները բաժանում են երեք տեսակի՝ փորձաքննություններ, ուղեգրերի տրամադրում, տարկետումներ։ Եղոյանի գնահատմամբ, շատ դեպքերում կա հաղորդակցության պակաս. - «Օրինակ, շատ դեպքերում կան բարդ բժշկական տերմիններ, որոնք ոչ զորակոչիկի համար են լինում հասանելի, հասկանալի, ոչ էլ՝ նրա ծնողի։ Այնինչ, երբ որ բժիշկները, նույն զինկոմիսարիատի իրավասու ներկայացուցիչները զորակոչիկի հետ ճիշտ հաղորդակցություն վարեն, այս խնդիրները ևս կլուծվեն: Նաև պետք է որոշման մասին, եզրակացության մասին ճիշտ պարզաբանել, ճիշտ բացատրել նաև և՛ զորակոչիկին, և՛ իր ծնողին»:

Մեկ այլ խնդիր է տարբեր հաստատությունների՝ միմյանց հակասող եզրակացությունները։ Եղոյանի խոսքով՝ դրանք երբեմն պայմանավորված են նաև սարքավորումների որակով։ Որոշ դեպքերում իրենք առաջարկում են քաղաքացուն չուղեգրել այնպիսի բժշկական հաստատություններ, որոնցից բողոքները շատ են։

«Տարբեր բժշկական կենտրոններ տալիս են տարբեր եզրակացություններ: Երբեմն եզրակացությունները լինում են սահմանային, այսինքն՝ զորակոչիկը լինում է պիտանի կամ ոչ պիտանի, օրինակ՝ աչքի տեսողությունը, կարճատեսությունը՝ 6D, այնինչ 6D-ից ավելին լինում է ոչ պիտանի, 6D-ից պակասը՝ պիտանի», - ասաց Անդրանիկ Եղոյանը:

Ավելի քան չորս տասնյակ բողոքներ ստացած Պաշտպանի գրասենյակում, որտեղ միտում և կեղծիք չեն արձանագրել, պնդում են՝ Պաշտպանի հատուկ ուշադրության ներքո են զորակոչիկների իրավունքները, և անում են հնարավորը՝ պաշտպանելու զինվորի շահը։

Պաշտպանության նախարարությունն, իր հերթին, հորդորում է գործընկեր կազմակերպություններին զորակոչիկների համաձայնությամբ իրենց ուղարկել վիճահարույց դեպքերի մասին տվյալները, որ հասցեական զբաղվեն խնդրով։

Ձմեռային զորակոչը կավարտվի հունվարի 31-ին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG