Մատչելիության հղումներ

«Փաշինյանը փորձում է կատարել Ադրբեջանի և Թուրքիայի պահանջները». իշխանությունից ընդդիմությանը հորդորում են ենթադրություններ չանել


Հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի նախագծին ծանոթացած ընդդիմադիրները քննադատում են բոլորովին նոր Սահմանադրություն ընդունելու վարչապետի նախաձեռնությունը։

«Փաշինյանը փորձում է նախաձեռնել նոր հարձակում Հայաստանի երրորդ Հանրապետության հիմնասյուներից մեկի վրա՝ հող նախապատրաստելով թուրք-ադրբեջանական չդադարող պահանջներից հերթականի բավարարման համար»,- երեկ երեկոյան հայտարարեցին «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Գեղամ Մանուկյանը, Աննա Գրիգորյանը, Արթուր Խաչատրյանն ու Քրիստինե Վարդանյանը։

«Այս խոսակցությունները Նիկոլ Փաշինյանը ծավալում է Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացի մասին խոսելով, այդ կոնտեքստում է խոսում», - ասաց Վարդանյանը:

Պատգամավոր Քրիստինե Վարդանյանի համոզմամբ՝ նոր Սահմանադրություն գրելու որևէ հանրային պահանջ չկա, հետևաբար այս նախաձեռնությունը նշանակում է Հայաստանի գլխավոր օրենքը համապատասխանեցնել Ադրբեջանի և Թուրքիայի պահանջներին՝ Սահմանադրությունից հանել Արցախին ու Հայոց ցեղասպանությանն առնչվող դրույթները։

«Իմ համոզմունքն է, որ այս գործընթացը կապված է այդ պրոցեսի հետ: Հիշեցնեմ միայն, որ Ադրբեջանի ու Թուրքիայի համար մշտապես խնդրահարույց է եղել մեր Սահմանադրության այն հատվածը, որը հղում է անում Անկախության հռչակագրին, որտեղ կա դրույթ այն մասին, որ Անկախության հռչակագիրը ընդունվել է՝ հիմնվելով Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի վերամիավորման որոշման վրա», - ընդգծեց ընդդիմադիր պատգամավորը։

Վարչապետ Փաշինյանը նախօրեին Արդարադատության նախարարությունում նոր Սահմանադրության անհրաժեշտության մասին խոսելիս վստահեցրել էր, որ Հայաստանի կառավարման համակարգը պետք է մնա անփոփոխ, իսկ նոր Սահմանադրություն ունենալու պատճառը «տարածաշրջանի ու աշխարհի փոփոխություններն են, որոնք անհրաժեշտ է կառավարել Հայաստանի պետական շահերին համապատասխան»:

«Երկրորդը՝ մենք պետք է ունենանք Սահմանադրություն, որը Հայաստանի Հանրապետությունն ավելի մրցունակ և ավելի կենսունակ է դարձնում աշխարհաքաղաքական և ռեգիոնալ նոր պայմաններում», - հավելել է Նիկոլ Փաշինյանը:

Փաշինյանի հենց այս խոսքերն էլ ամբողջացրել են ընդդիմադիրների կասկածները, որ իշխանության այս նպատակը բխում է հենց արցախյան վերջին զարգացումներից հետո ստեղծված քաղաքական իրողությունից։

«Ի՞նչ ռեգիոնալ փոփոխություններ են, որոնք Հայաստանի Հանրապետությանը կանգնեցրել են Սահմանադրության փոփոխության առջև։ Ամենամեծ փոփոխությունը եղել է Արցախի վրա Ադրբեջանի իրավազորության հաստատումը։ Ուղիղ փաստորեն մեզ ասում է, որ այդ իրականությունը պիտի արտացոլվի նաև մեր Սահմանադրությունում», - ընդգծեց Քրիստինե Վարդանյան։

Սրանով Նիկոլ Փաշինյանը հակադրել է Արցախը Հայաստանին, իսկ արդյունքը կլինի բավարարել ադրբեջանական նախապայմանը՝ ասում է Վարդանյանը, որ մյուս երեք գործընկերների հետ ծանոթ է հայ-ադրբեջանական բանակցություններում կողմերի առաջարկներին։ Պատգամավորը, փակագծերը չբացելով, պնդում է՝ Ադրբեջանը ցանկանում է ունենալ մի փաստաթուղթ, որն իր համար իրավական հիմք կդառնա ամրագրելու իր ձեռքբերումները, նաև չի փակի իր նոր հավակնությունների հնարավորությունները։

Իշխանությունից հակադարձում են

Իշխանությունից դեռ մանրամասներ չներկայացնելով սպասվող փոփոխությունների մասին՝ հակադարձում են՝ սրանք ավելորդ ու հապճեպ ենթադրություններ են։ Իշխող «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավոր Արփի Դավոյանն ասում է՝ նախագծին դեռ ծանոթ չէ, բայց կարող է պնդել՝ ընդդիմադիրները հանդես են գալիս որպես Ադրբեջանի նախագահի նախընտրական քարոզարշավի ակտիվ տարածողները Հայաստանում։

«Այս պահին նմանատիպ հայտարարությամբ հանդես գալը մեր շատ հայրենասեր ընդդիմության կողմից ավելորդ եմ համարում ու շատ հապճեպ: Իրենք որևէ բան չգիտեն, իրենք արդեն սկսել են ենթադրությունների շարք ստեղծել՝ ինչի հիման վրա, թե դա ինչի պատճառով է, թե դա ում պատվերով է, մարդիկ նորից շարունակում են գնալ իրենց նեղ օրակարգով ու այդ նեղ օրակարգի միակ իմաստն այն է, որ Հայաստանի Հանրապետության կառավարության, իշխանությունների կողմից ցանկացած արվելիք քայլ դնել կասկածի տակ ու դրանով փորձել ինչ-որ ձեռքբերումներ ունենալ, թեև այսքան ժամանակ չի ստացվել», - ընդգծեց Դավոյանը:

Ի վերջո, իշխանությունը մտադի՞ր է նոր Սահմանադրությունը ևս սկսել նույն նախադասությամբ, որտեղ հղում կա 1990 թվականին ընդունված Անկախության հռչակագրին։ 1990 թվականին ընդունված Անկախության հռչակագրի առաջին պարբերությունում հիշատակվում է 1989 թվականի «Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» Գերագույն խորհրդի և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի համատեղ որոշումը, ինչպես նաև նշվում է, որ Հայաստանը սատար է կանգնելու Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման օրակարգին։ Այս հարցը դեռ պատասխան չունի։

Փաշինյանը մեկ անգամ չէ հայտարարել, որ որևէ այլ երկրից որևէ տարածքային պահանջ Հայաստանը չի ունենալու։ Ավելին, անցած տարի վարչապետը հրապարակավ իր անհամաձայնությունն էր հայտնել Սահմանադրության հիմքում ընկած Անկախության հռչակագրին՝ պնդելով, թե դրա «խոսույթը կոնֆրոնտացիոն է»։

Ի դեպ, նոր Սահմանադրություն ունենալու նախնական գործընթացն արդեն սկսվել է ու հասել է կառավարություն։ Արդարադատության նախարարությունը սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի առաջին նախագիծն ուղարկել է գործադիրի քննարկմանը, այս ամիս արդեն կսկսեն վերջնական քննարկումների փուլը: Բայց թե ինչ է գրված այդ հայեցակարգում, դեռ չի հրապարակվում։

Ըստ արդարադատության նախարարի՝ նախատեսվում է երեք ամսից հաստատել վերջնական հայեցակարգը, որի հիման վրա էլ գրվելու է նոր Սահմանադրությունը՝ հոդված առ հոդված։

XS
SM
MD
LG