Մատչելիության հղումներ

Հայաստանը նշում է Սահմանադրության օրը


Հուլիսի 5-ին Հայաստանը նշում է Սահմանադրության օրը:

1991 թվականին անկախության հռչակումից հետո Սահմանադրությունն ընդունվեց 1995-ի հուլիսի 5-ի հանրաքվեով, և այդ օրն էլ դարձավ պետական տոն:

Անցած տարիներին երկրի Հիմնական օրենքը երկու անգամ ենթարկվել է փոփոխությունների հանրաքվեների միջոցով, առաջինը՝ 2005 թվականի նոյեմբերի 27-ին, երկրորդը՝ 2015-ի դեկտեմբերի 6-ին:

«Ամենամեծ մարտահրավերները մնում են արտաքին անվտանգությունը և անառարկելիորեն վստահելի դատական համակարգը»

«Հուլիսի 5-ին նշում ենք Սահմանադրության օրը, որը մեր պետական տոնացույցում առանցքային նշանակություն ունի», - ասված է վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձում:

«Սեպտեմբերի 21-ն արտահայտում է անկախ պետություն ունենալու մեր կամքն ու վճռականությունը, և ըստ էության, մեր պետության ծննդյան օրն է, իսկ հուլիսի 5-ն այն մասին է, թե ինչպիսին է, կամ ինչպիսին պետք է լինի մեր պետությունը:

Հենց պետության մասին ընդհանրական և ռազմավարական պատկերացումների մասին է Սահմանադրությունը, պետության առանցքային մեխանիզմների գործունեության, մարդու և քաղաքացու իրավունքների ու պարտականություններին մասին», - նշված է ուղերձում, որը տարածել է ՀՀ վարչապետի աշխատակազմի լրատվականը: - «Սահմանադրությունը բոլոր մարդկանց, կազմակերպությունների, պետական կառույցների հարաբերությունների մասին է և երկրում որևէ անհատի, խմբի, կազմակերպության և կառույցի գործունեությունը չի կարող հակասել Սահմանադրությանը: Այստեղից էլ բառը՝ սահմանա/դրություն: Այն ցույց է տալիս պետության և անհատի գործունեության թույլատրելիի սահմանը»:

Հայաստանում «այսօր քաղաքական և տնտեսական բոլոր իրավունքները հասանելի են բոլոր մարդկանց, ինչպես վայել է ժողովրդավարության երկրին»: «Սա մի արդյունք է, որն այլևս չի նկատվում, որովհետև դարձել է սովորական, և այն, որ դարձել է սովորական, թերևս ամենամեծ արդյունքն է», - ընդգծում է վարչապետը:

«Սահմանադրական իրականության ապահովման ոլորտում մեր ամենամեծ մարտահրավերները մնում են արտաքին անվտանգությունը (խաղաղությունը և/կամ արտաքին սահմանա/դրությունը) և անառարկելիորեն վստահելի դատական համակարգը: Վստահելի բոլորի համար. և՛ Կառավարության, և՛ ընդդիմության, և՛ հանրության:

Դատաիրավական համակարգում ունենք էական առաջընթաց, որն արտահայտվում է հետևյալով. այսօր որևէ անմեղ մարդ չի կարող մեղադրական վճռի արժանանալ, անհարկի ձերբակալվել կամ կալանավորվել: Այսօր որևէ մեկն իրեն չի կարող համարել օրենքից վեր: Բոլոր մարդիկ իրապես հավասար են օրենքի առջև», - ասված է ուղերձում: - «Դատաիրավական համակարգի բարեփոխումների մեր վճռականությունը որևէ կերպ սասանված չէ: Բարեփոխումներն ընթանում են դանդաղ, բայց առանց դադարի, որովհետև դա է արդյունքի հասնելու միակ երաշխավորված ճանապարհը»:

«Արտաքին անվտանգության ոլորտի մեր խնդիրները հայտնի են յուրաքանչյուրիդ ու այստեղ մենք լրջագույն մարտահրավերներ ունենք: Միևնույն ժամանակ, համոզված եմ, որ Կառավարության որդեգրած խաղաղության օրակարգն այլընտրանք չունի, որովհետև խաղաղությունն է մեր ինքնիշխանության և անվտանգության ամենավստահելի գործոնը:

Խաղաղության օրակարգի իրագործումը երաշխավորված չէ այն պարզ պատճառով, որ կախված չէ միայն մեզնից, բայց որ մենք բոլոր լեգիտիմ ջանքերը պետք է գործադրենք խաղաղության հասնելու համար, նույնպես ակնհայտ է և աներկբա: Այս իմաստով՝ առանցքային են Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների և անվտանգության հասցեագրման պատշաճ մեխանիզմների ստեղծումը և Հայաստանի Հանրապետության՝ 29 հազար 800 քառակուսի կիլոմետր տարածքային ամբողջականության ճանաչումը», - իր ուղերձում գրել է Նիկոլ Փաշինյանը:

«Մեր երկրի Սահմանադրության համաձայն՝ Հայաստանը սոցիալական պետություն է: Կարևոր եմ համարում ընդգծել, որ ՀՀ-ում սոցիալական ոլորտի ահռելի փոփոխություններ են տեղի ունեցել: 2018 թվականից ի վեր նվազագույն կենսաթոշակն ավելի քան կրկնապատկվել է, միջին կենսաթոշակն աճել է 22 տոկոսով, բազային կենսաթոշակն աճել է 50 տոկոսով: 2018-ից ի վեր Հայաստանում ստեղծվել է 170 հազար աշխատատեղ, աշխատավարձի ֆոնդն ավելի քան կրկնապատկվել է, միջին ամսական աշխատավարձն աճել է շուրջ 57 տոկոսով, նվազագույն աշխատավարձն աճել է ավելի քան 36 տոկոսով, պետպատվերով քաղաքացիներին մատուցված առողջապահական ծառայությունների թիվը կրկնապատկվել է:

Սոցիալական և մյուս ոլորտներում մեր վարած քաղաքականությունների առանցքային նպատակը մարդու բարեկեցությունն ու երջանկությունն է, որը նույնիսկ ամենադժվար պահին մենք չպետք է կորցնենք որպես ուղենիշ», - ասված է վարչապետի ուղերձում:

«Անկախության ու Սահմանադրության տոները խորհրդանշում են ժողովրդի միասնության և ընդհանրական կամքի հաղթանակը»

Նախագահ Վահագն Խաչատուրյանն իր ուղերձում մասնավորապես նշում է. - «Անկախության ու Սահմանադրության վերաբերյալ տոներն առանձնահատուկ են և խորհրդանշում են ժողովրդի միասնության և ընդհանրական կամքի հաղթանակը։ 1991 թվականի սեպտեմբերի 21-ին մեր ժողովուրդն «Այո» ասելով անկախությանը ցույց տվեց իր հավատարմությունն ինքնիշխան, ժողովրդավար ու բարեկեցիկ երկիր ունենալու նվիրական երազանքին։ 1995 թվականի հուլիսի 5-ին Սահմանադրության ընդունումով ամրագրվեց մեր պետականության ինքնիշխանությունը»:

«Պատահական չէ, որ այսօր մենք նշում ենք նաև պետական խորհրդանիշերի՝ դրոշի, զինանշանի և պետական օրհներգի օրը, որովհետև այս շարքում Սահմանադրությունն ամբողջացնում է անկախ պետականության բովանդակությունը։

Սահմանադրության էությունն ու ոգին են երկու բարձրագույն արժեքներ՝ պետություն և մարդ, իսկ սահմանադրականությունն այս երկու արժեքների ներդաշնակության ու միասնության արտահայտությունն է։ Սահմանադրությունը մարդու և քաղաքացու իրավունքների ու ազատությունների գլխավոր երաշխավորն է և միաժամանակ՝ յուրաքանչյուրիս անհատական պարտքի գիտակցման պահանջատերը, որովհետև իրավունքները, ազատություններն ու անկախությունը նախևառաջ բարձրագույն պատասխանատվություն են», - ասված է Խաչատուրյանի ուղերձում, որը տարածել է Հայաստանի նախագահի աշխատակազմի լրատվականը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG